Սա աշխարհում իմ տեսած ամենամեծ ընտանիքն է. նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի խնամքի նոր կենտրոնների բացմանը

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ստեղծված այլընտրանքային խնամքի նոր կենտրոնների բացման արարողությանը:
Հիմնադրամն ապահովում է կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների և երիտասարդների խնամքն ընտանեկան պայմաններում: Հիմնադրամի ներկայացուցիչները նշել են, որ վերանորոգված խնամքի կենտրոններում ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվեու իրենց շահառուների համար:
Նունե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բարերարներին, միջազգային կազմակերպություններին և անհատներին, որոնք իրենց ներդրումն ու մասնակցությունն են բերում հիմնադրամի գործունեությանը:
«Սա աշխարհում իմ տեսած ամենամեծ ընտանիքն է: Դուք՝ բոլորդ, մի ընտանիք եք այս ներդաշնակ մթնոլորտում: Սա անչափ գնահատելի է: Ես այստեղ եմ ընդամենը մի քանի րոպե և զգում եմ, թե ինչ լավ և առողջ մթնոլորտ է տիրում շուրջս»,-ասել է Նունե Սարգսյանը:

Տիկին Նունե Սարգսյանի խոսքով՝ անչափ գնահատելի է, որ հիմնադրամը կարողանում է իր առաքելությունը բարձր մակարդակով իրականացնել՝ երեխաների համար ապահովելով ջերմ ընտանեկան մթնոլորտ: «Ուրախ եմ ներկա գտնվել այս գեղեցիկ հավաքույթին: Շատ բարձր ենք գնահատում ձեր արած գործը»,-ասել է Նունե Սարգյանը՝ մաղթելով հաջողություններ և նշելով, որ կփորձի իր կարողությունների սահմանում օգտակար լինել:

Այնուհետև տիկին Նունե Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոններում և մանկական գյուղի տարածքում, զրուցել երեխաների հետ, իր հեղինակած գրքերից նվիրել մանկական գյուղի գրադարանին: