«Մանկական գործերի թարգմանիչները պետք է հասկանան երեխաների լեզուն և նրանց հասցնեն իրենց պատգամը». Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Մատենադարանում մասնակցել է միջազգային գիտաժողովի

42553Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Արևելք-Արևմուտք. Հովհաննես Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագրով միջազգային գիտաժողովին:
Թումանյանի թարգմանական հեքիաթների ուսումնասիրությանը և համաշխարհային թարգմանական հեքիաթագրությանը նվիրված գիտաժողովի բացման ելույթում տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հայտնի է իր թարգմանչական հին ավանդույթներով: Պատահական չէ, որ մեր երկրում հայերենով պահպանվել են ինքնատիպ թարգմանություններ հին հունարենից, եբրայերենից, ասորերենից և այլ լեզուներից:
«Թարգմանությունը կարող է լինել արհեստ, արվեստ և առաքելություն: Հենց այդ առաքելությունն է, որ կատարում են մանկական գործերի թարգմանիչները: Նրանք պետք է հասկանան երեխաների լեզուն, որպեսզի նրանց հասցնեն իրենց պատգամը: Մանուկները մեր ապագան են, և մենք պետք է նրանց համար աշխատենք ոչ միայն ստեղծելով բարեկեցիկ կյանք, այլև տալով նրանց ճիշտ թարգմանված գրականություն»,- նշել է Նունե Սարգսյանը: Նա ընդգծել է, որ որպես մանկագիր՝ իր ստեղծագործությունների միջոցով ևս փորձում է տարբեր խրատներ ու պատգամներ փոխանցել փոքրիկներին:

Խոսելով Հովհաննես Թումանյանի գրական գործունեության, մասնավորապես, երեխաների համար գրված ստեղծագործությունների մասին՝ Նունե Սարգսյանը նշել է, որ մեծանուն բանաստեղծն ունեցել է փոքրիկներին հասկանալու յուրօրինակ տաղանդ: «Նա և՛ փոխադրել է հեքիաթներ, և՛ հորինել: Նրա մանկական գրքերը նույնքան մատչելի են նաև մեծերի համար: Հենց դա է Թումանյանի տաղանդը: Նա գրել է մանկական գրականություն, որը նաև լիարժեքորեն բավարարում է մեծահասակներին»,- ասել է Հանրապետության նախագահի տիկինը:

Գիտաժողովի շրջանակում տիկին Նունե Սարգսյանը հանդես է եկել նաև զեկույցով: 

 
Նունե Սարգսյանը թոռնուհու հետ հեքիաթի տոն պարգևեց փոքրիկ ընթերցասերներին

MXO 1835«Արդեն երեք տարի է` Սավաննայի հետ պատմություններ ենք հորինում: Դա սկսվեց որպես պատահական զբաղմունք, բայց դարձավ լուրջ նախագիծ: Ուրախ եմ Սավաննայի համար, որովհետև նա կարողացավ տեսնել, թե ինչպես է ծնվում գիրքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նունե Սարգսյանը: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին, մանկագիր Նունե Սարգսյանը «Երևան իմ սեր» հիմնադրամում մեծ տոն նվիրեց երեխաներին:

 

 

 

 
Ամեն հաջողակ կնոջ կողքին էլ հաճախ կա խելոք տղամարդ. Նունե Սարգսյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

37907Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

Տիկին Սարգսյան, Ձեր հայրը լրագրող է, մայրը՝ ուսուցչուհի: Դուք բանասեր եք, գրում եք, նաև նկարում: Ընտանեկան մթնոլորտը նպաստե՞լ է ձեր մասնագիտական նախասիրությունների ձևավորմանը:
Ամեն երեխայի և դեռահասի վրա ազդում է ընտանեկան մթնոլորտը և ընտանիքի ճաշակը։ Ընտանիքում է, որ ես ստացա աշխատանքի հանդեպ վերաբերմունքը, սովորեցի ժամանակս ճիշտ օգտագործել և ծույլ չլինել։ Իմ շուրջը բոլորը աշխատում էին։ Պապիկս, օրինակ, «Արմենպրես»-ի թարգմանիչն էր։ Հիշում եմ, որ Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարների երկար ճառերը ռուսերենից հայերեն թարգմանելու համար նա գիշերները մնում էր հիմնարկում՝ ապահովելով առավոտվա մամուլում ճառերի հայերեն տպագրությունը։
Մեծացել եմ գրքերի ու թատրոնի մասին զրույցներ ականջ դնելով, արվեստի համաշխարհային գանձերը մեր տան գրադարանում ուսումնասիրելով։ Ինձ համար մեծ ուրախություն էր, երբ հյուրեր էինք ունենում։ Ամեն հյուր իր կերպարն ուներ, ամեն հյուր իր պատմություններն ուներ, որոնք անչափ հետաքրքրում էին ինձ։

Հոդվածներ, ակնարկներ եք գրել մշակութային գործիչների մասին: Այդ շրջանի գործունեության ի՞նչ հետաքրքիր դրվագներ են տպավորել Ձեզ:

Lees meer...
 
Տիկին Նունե Սարգսյանն աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է «Լուսէ» և «Իմ ուղին» կենտրոններ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Լուսէ» և «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոններ:
Նունե Սարգսյանը նախ եղել է «Երևան, իմ սեր» հիմնադրամի «Լուսէ» կենտրոնում, որտեղ նրան է ներկայացվել կենտրոնի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը: Նա շփվել է հաշմանդամություն ունեցող երեխաների ու նրանց ծնողների հետ, ընդգծել այս երեխաների նկատմամբ հասարակության ներսում առկա կարծրատիպերը փոխելու անհրաժեշտությունը:

«Երբ խորհրդային տարիներին հաշմանդամություն ունեցող մարդիկ էինք տեսնում, ապշած նայում էինք, որովհետև նրանք տարբեր էին, և նրանց ընտանիքները թաքցնում էին: Բայց հիմա դա փոխվել է: Իմ թոռնիկները, երբ տեսնում են հաշմանդամություն ունեցող երեխա, անմիջապես վազում են, փորձում են օգնել, որովհետև նրանց աչքը սովոր է, նրանց դաստիարակությունը ուրիշ է, և հաշմանդամություն ունեցողներին այլևս չեն թաքցնում: Սա նշանակում է, որ մենք հասկացել ենք, որ այդ մարդիկ հասարակության մի մասն են»,- նշել է Նունե Սարգսյանը:
Հանրապետության նախագահի տիկինն այնուհետև այցելել է «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն, որն այսօր ունի աուտիզմի ախտորոշում ունեցող 182 սան: Նունե Սարգսյանը շրջել է կենտրոնի տարածքով, ծանոթացել պայմաններին, խոսել երեխաների, նրանց ծնողների ու դաստիարակների հետ: Բարձր գնահատելով կենտրոնի գործունեությունը՝ նա ընդգծել է, որ նմանօրինակ կենտրոնները մշտապես ունեն թե՛ անհատների, թե՛ բարեգործական հիմնարկների, թե՛ պետության աջակցության կարիքը:

«Այն մարդիկ, ովքեր աուտիզմ չունեն, պետք է նույն լեզվով խոսեն աուտիզմ ունեցող անձանց հետ: Մի պահանջեք նրանցից դառնալ մյուսների նման, նրանք ուրիշ են, այլ կերպ են տեսնում մեզ, աշխարհը, իրենք իրենց: Ուստի պետք է փորձենք հասկանալ իրենց: Աուտիզմ ունեցող երեխաները գրեթե բոլորը տաղանդ, ինչ-որ ձիրք ունեն: Այս կենտրոնի կարևոր դերերից մեկն այն է, որ փորձում են երեխաների և անձանց մեջ թաքնված տաղանդը, ինչը շատ դժվար բան է, բացահայտել: Թերապևտները և դաստիարակները պետք է հատուկ ձիրք ունենան, որպեսզի կարողանան դուրս բերել այդ տաղանդը»,-ասել է Նունե Սարգսյանը: Նա շնորհակալություն է հայտնել կենտրոնին նվիրված ու բարի գործի համար՝ նշելով, որ պատրաստ է մշտապես աջակցել նրանց:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան 2008 թվականից ապրիլի 2-ը հռչակել է աուտիզմի իրազեկման համաշխարհային օր։  

 
«StartVorige1234VolgendeEinde»