Պաշտպան կլինեմ, իսկ արտակարգն ինձ համար երեխաներն են. Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) մասնակցել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը հայտարարել է, որ տիկին Նունե Սարգսյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից նշանակվել է երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան: «Երբ անցյալ տարի առաջին անգամ հանդիպեցի տիկին Սարգսյանին, նա անմիջապես մանկական հիմնադրամին իր աջակցությունը և օգնությունն առաջարկեց: Այնուհետև ես ծանոթացա նրա գործունեությանը, ավելի լավ ճանաչեցի նրան, տեղեկացա, որ մանկագիր է, որի գրքերը շատ հայտնի են և որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով՝ հնարավորություն ընձեռելով այլ մշակույթ կրող երեխաներին կարդալ դրանք,-ասել է Տանյա Ռադոչայը:- Տիկին Սարգսյանն այն անձանցից է, ով հոգ է տանում երեխաների մասին, փորձում է անել հնարավորը՝ երեխաների կյանքն ավելի լավը դարձնելու համար: Մեզ համար մեծ պատիվ է առաջարկել տիկին Սարգսյանին՝ ստանձնել երեխաների իրավունքների արտակարգ պաշտպանի առաքելությունը՝ այս կերպ միավորելով մեր ջանքերը և կարևորելով այս աշխատանքը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»: