ԳՐԱԽՈՍԱԿԱՆՆԵՐ

Մանկական գրականության ստեղծումն ու տարածումը «Զանգակ» հրատարակչության հիմնական ուղղություններից է արդեն երկու տասնամյակ: Հրատարակվում են ինչպես օտար, այնպես էլ հայ դասական և ժամանակակից մանկագիրների ստեղծագործություններ:

Նունե Սարգսյանի ստեղծագործությունները հայտնի են մեր ընթերցողներին երկար տարիներ: Ինչպես արդեն սիրված ստեղծագործությունների վերահրատարակումը, այնպես էլ նոր գրքերի լույսընծայումը շարունակական գործընթաց է «Զանգակ» հրատարակչության համար, իսկ մանուկների համար` անչափ սպասված:

Տարիների ընթացքում կազմակերպված շնորհանդեսների, հեղինակի հետ հանդիպումների ու բեմականացումների վերաբերյալ մշտապես ստացել ենք դրական կարծիքներ և ոգևորող արձագանքներ, որոնք էլ նպաստել են հեղինակի հետ արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:

Նունե Սարգսյանի «Զմրուխտյա մկրատը» հեքիաթ–վիպակը ևս նրա ինքնատիպ գործերից մեկն է, որը խրախուսում է երեխաներին հայացքը հառել ապագային, նպաստել մեր մոլորակի ավելի լավը, ավելի գեղեցիկ, ավելի բարի դառնալուն։ Մենք հույժ կարևորում ենք ստեղծագործության բովանդակային կողմը՝ որ այն լինի ուսանելի, ունենա դաստիարակչական նշանակություն և զարգացնի երեխայի երևակայությունը։ Իսկ «Զմրուխտյա մկրատում» լավագույնս և անմեկնելի գեղեցկությամբ համադրվում են վերոնշյալները։ Այս պատկերազարդ, բազմաբովանդակ գիրքը վստահորեն կարող ենք ասել, որ ընթերցելու են ոչ միայն այսօր, այլև սերունդներ հետո։

Էմին Մկրտչյան

«Զանգակ-97» ՍՊԸ գործադիր տնօրեն,, (Զանգակ հրատարակչություն)

Մանկական գրականությունը բազմաշերտ գրականության ամենանուրբ, պատասխանատու ոլորտն է։ Այն կրթում, ուղորդում և ձևավորում է երեխայի աշխարհայացքը։ Ստողծագործության կայացմանը նպաստում են բազմաթիվ գործոններ՝ լեզուն, շարադրանքի անմիջական պարզությունը, մանկական մտածողությունը հասկանալու և վերարտադրելու ունակությունը։ Այս ամենն առկա են Ն․ Սարգսյանի հեքիաթներում և անվարան ու վստահաբար կարող են մատուցվել երեխաներին։ Առինքնող են շարադրանքի մաքուր, անխառն հայերենը, ստեղծագործության հրատարակության բարձր որակը, պատկերազարդումները։

«Կախարդական կոճակներ» հեքիաթը հեղինակի ամենածավալուն գործն է, որն իրավմամբ կարող է նաև վիպակ կոչվել։ Հեքիաթի հերոսուհին տասնամյա Սադափն է։ Սյուժեն կառուցված է Սադափի մտորումների, ներքին վախերի, նրանց հաղթահարման և արտաքին աշխարհի մարտահրավերներին դիմակայելու շուրջ։ Այս ամենը վկայում են հեղինակի՝ իր գործի նկատմամբ տածած սիրո և պատասխանատվության, երեխայի նկատմամբ հոգատարության ու արժանապատիվ վերաբերմունքի մասին։ Հեղինակն աննկատ փորձում է փոքրիկ ընթերցողին տեղեկություններ հաղորդել շրջապատի, աշխարհի մասին։ Մի դրվագում փոքրիկ տղան հիվանդացել է և կարող է առողջանալ միայն խնկից ու մեղրից պատրաստված դեղով։

Հեղինակն այս առիթն օգտագործում է և փոքրիկներին պատմում, թե ինչ է խունկը, որտեղ է աճում խնկածառը և ինչ տեսք ունի։ Նման դրվագներով է հագեցած հեքիաթը, որոնք ուսանելի և ճանաչողական են։ Երեխայի մտածողությանը հարիր իրական և երևակայական պատկերները հաջորդում են իրար, կառուցում հետաքրքրաշարժ սյուժե։

Հեղինակին հաջողվել է Սադափին իրապես դարձնել գրական հերոս և նրա միջոցով երեխաների հետ զրուցել չարի ու բարու, լավի ու վատի, ազնվության և խարդախության մասին, կյանքի մեծ խնդիրների մասին խոսել մանկանն ընկալելի լեզվով ու ուղորդել դեպի հավիտենական ճշմարտություններ։
Ն․ Սարգսյանի հեքիաթների շարքը շարունակական զրույց է երեխայի հետ, և յուրաքանչյուր նոր հեքիաթ՝ սպասված և ողջունելի։

Վանանե Արարքցյան

Կորպորատիվ հանգանակությունների ավագ մասնագետ,, ՍՕՍ մանկական գյուղեր ՀԲՀ

Հեքիաթները կյանքի անհոգ, արևոտ ժամանակաշրջանի մի կտոր են։ Մանկության տարիներին լսված լավ հեքիաթը կարող է ուղեկցել մարդուն ամբողջ կյանքում։ Այն բազմաթիվ ներածական դասերի խճանկար է առօրյա կյանքի, լեզվի, ավանդույթների, մշակույթի, հարաբերությունների հոգեբանության, դիմագիտության և կյանքի շատ այլ նրբությունների մասին:

Հենց այսպիսի տպավորություն է ստեղծվել հեքիաթասաց Նունե Սարգսյանի «Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս» գրքից: Այս հեքիաթը հավասարապես հետաքրքիր կլինի և՛ երեխաների, և՛ ծնողների համար, յուրաքանչյուրն իր տարիքին համապատասխան փիլիսոփայություն կգտնի դրանում։ Սյուժեն գրավում է այնպես, որ ուզում ես արագ պարզել, թե ինչպես է բարին վերջապես հաղթելու չարին:

Պատմությունը հոսում է մեղմ, գեղեցիկ և շատ գրագետ լեզվով, ներդաշնակ վանկը մեղեդու զգացում է ստեղծում։

Գրքի սյուժեն ոգեշնչող է. նույնիսկ փոքր արարածները կարող են մեծ բաներ անել: Այս պատմության մեջ մի շատ կարևոր միտք կա՝ ցանկացած անելանելի իրավիճակում կա լուսավոր նպատակ, որին պետք է ձգտել և երբեք չպետք է կորցնես հույսը։ Բացի այդ, շատ կարևոր է պատմվածքի վերջնական ակորդը` արարման, ստեղծագործության գաղափարը:

Գիրքը հիանալի կերպով համալրված է նկարիչ Ռուբեն Գրիգորյանի նկարազարդումներով։ Նրանք մեղմ են, բարի հնաոճության տպավորություն են թողնում, բայց նաև զգում ես նկարչի ձեռքի վստահությունը, նրա պրոֆեսիոնալիզմը և ստեղծված պատկերների եղելիությունը։ Նրանք տեղ են թողնում սեփական երևակայությունների համար՝ այդպիսով ընթերցողին ներգրավելով համատեղ ստեղծագործության պրոցեսին։

Արևիկ Գրիգորյան

Դիզայներ

Պատասխանատվություն, հոգատարություն, ինքնախնամք, առողջ լինելու գիտակցում, ընկերասիրություն․ սրանք անձի և պատասխանատու քաղաքացու ձևավորման համար առանցքային հատկություններից են, որոնց կարևորության մասին այնքան գեղեցիկ ու նրբանկատորեն են ներկայացված «Մրջնակերները» հեքիաթում։

Առողջ ապրելակերպի ուսուցումը, սեփական արարքների համար պատասխանատու լինելը սկսում է ընտանիքում՝ վաղ մանկությունից։ Երեխաների և հատկապես հոգեկան առողջության, ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում այս հատկությունների ձևավորման գործընթացը պետք է կազմակերպված լինի պարզ, հետաքրքիր, տեսանելի, գունեղ ու ուսուցողական․ այնպես, ինչպես դա արված է այս բարի հեքիաթում։

Հեքիաթը երեխաների հետ խոսում է պարզ, հասկանալի ու մեղմ լեզվով, գեղեցիք և ակնահաճո նկարազարդումը գրավում է երեխաներին։ Գրքի, երեխայի և ծնողի միջև ստեղծվում է յուրահատուկ ու շատ շիտակ կապ։ Այն երբեք անավարտ չի մնում․ հետաքրքիր է՝ կարդում ենք մինչև վերջ, համամատում հեքիաթի հերոսներին մեզ հետ, գտնում բազմաթիվ նմանություններ ու տարբերություններ, սովորում հետևել ճիշտ կանոններին։

Հեքիաթում ամեն ինչ պարզ է ու շիտակ, հասկանալի ու ըմբռնելի հաշմադնամություն ունեցող մեր բոլոր երեխաների համար․ Բոք-Բոքների ընտանիքն իր ամենօրա խնդիրներով ու զբաղվածությամբ, ճիշտ այնպես, ինչպես իրենց ընտանիքները։ Եվ ինչպես շատ ընտանիքներում, մրջնակեների ընտանիքում ևս ուշադրություն չեն դարձնում իրենց ատամների խնամքին․ դրա համար նրանք միշտ ունեն պատճառաբանություն կամ արդարացում։ Բայց ինչպես և սպասվում էր, նրանք պատասխան են տալիս իրենց ծուլության ու արդարացումներ փնտրելու համար՝ հենց ընթերցողի դիմաց։

Թե՛ իրական կյանքում, թե՛ հեքիաթում, մենք ընդունում ենք որոշումներ, ընտրում ենք հեշտ լուծումներ, գտնում բազում պատճառներ ու արդարացումներ և ի վերջո կանգնում բարդությունների առաջ։ Սեփական արարքների համար պատասխանասխանատվության լրջության մասին հաշմադնամություն ունեցող երեխաներին մենք փորձում ենք սովորեցնել վաղ տարիքից և հենց այստեղ է մեզ օգնության եկել մեզ համար սիրելի այս հեքիաթը։ «Լուսէ» կենտրոն հաճախող նույնիսկ ամենափոքրիկ երեխաներին հեքիաթի օգնությամբ ենք սովորեցնում լինել պատասխանատու, հետևել բժիշկ Փորսուղի խորհուրդներին և խնամքով լվանալ ատամները։

Հեքիաթն այնքան է սիրվել երեխաների կողմից, որ նրա պատմության հիման վրա ստեղծվել են ատամները ճիշտ լվանալու գունեղ պաստառներ, որոնք ամրապնդում են հեքիաթի թեման և օգնում ձևավորել հմտությունը։
Մեր փոքրիկները գտել են իրենց հեքիաթը և նրանց ատամները միշտ մաքուր են․․․

Գոհար Գալստյան

«Լուսէ վերականգնողական կենտրոն» հիմնադրամի տնօրեն

Բարությունը վարակիչ է, և բարության անգամ ամենափոքր ակտը կարող է անշրջելիորեն փոխելամենաչար մարդուն։ Հենց բարու և չարի հակադրության մասին է պատմում Նունե Սարգսյանի «Զմրուխտյա մկրատը» գիրքը, որը փոքրիկ ընթերցասերների կողմից անչափ սիրված «Կախարդական կոճակները» գրքի շարունակությունն է։

«Զմրուխտյա մկրատը» գրքի գլխավոր հերոսուհին՝ 12-ամյա Սադափ Դարզին, Երկիր մոլորակի ապագայով մտահոգ, ազնիվ ու ճշմարտախոս դպրոցական է։ Նրա սովորական առօրյան մեկ ակնթարթում փոխվում է, երբ կախարդների քաղաքի՝ Ապակեբուրգի բնակիչները նրան հայտնում են Երկրին սպառնացող նոր վտանգի մասին։ Քաջ ու բանիմաց Սադափը Երկիր մոլորակն ու մարդկանց պաշտպանելու նպատակով հայտնվում է Լուսնի վրա, կարողանում է հաղթել Լուսնի թագուհու ռոբոտների բանակին, վերականգնել Ապակեբուրգի անդորրը և փրկել Երկրի բնակիչներին չարագործներից։

Նունե Սարգսյանն իրենց բնորոշ պարզ և հասկանալի գրչի միջոցով ցույց է տալիս երեխաներին, թե որքան անընդունելի և դատապարտելի են մարդկային ագահությունն ու կույր չարությունը, թե որքան վարակիչ կարող են լինել սերն ու բարությունը, որոնք ունակ են վերափոխելու անգամ ամենասարսափելի չարագործին։ Միևնույն ժամանակ, հեղինակը հատուկ շեշտադրում է կրթության կարևորությունը, ցույց տալիս գիտելիքի ուժը և յուրօրինակ կերպով ներկայացնում, թե գիտելիքներով զինված մարդն ինչպիսի հերոսություններ կարող է անել։

Հետաքրքիր այս պատմությունը ընդլայնում է մանկան երևակայության սահմաններն ու թույլ տալիս մտածել, որ կգա մի օր, երբ դեպի Լուսին կամ այլ մոլորակներ, օրինակ՝ Մարս մարդու կողմից թռիչքներն ու բնակեցումը կդառնան շատ սովորական երևույթներ։

Գրքում հեղինակը կարևոր անդրադարձ է կատարում նաև այն հարցին, որ բոլոր երեխաները, անկախ տեսքից կամ մտավոր և ֆիզիկական ունակություններից, յուրահատուկ են, գիտակից ու խելացի, տաղանդավոր և նույնիսկ «ավելի արթուն մտքով, քան շատ մեծահասակներ»՝ ունակ փոխելու աշխարհն ու այն դարձնելու ավելի լավը։

Սադափի ու նրա ընկերների հետաքրքրաշարժ, միևնույն ժամանակ ուսուցողական այս պատմությունը գրավում է առաջին իսկ էջերից, իսկ գրքի գունավոր ու հետաքրքիր նկարազարդումները՝ փոքրիկ ընթերցասերներին տեղափոխում կախարդների ու հրաշագործների հեքիաթային մի աշխարհ։

Արաքս Կասյան

«Արմենպրես» լրատվական գործակալության փոխտնօրեն

Ալ․ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները շատ ակտիվ են և մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթների, գրավում պատվավոր տեղեր։ 2016 թ․-ին դպրոցի վոկալ և փողային բաժնի սաների մասնակցությամբ բեմադրվել է «Մի անգամ երազում» մյուզիքլը, որի հաջողությունը ստիպեց մեզ, շարունակական դարձնել մյուզիքլների բեմադրությունը։ Հենց այս հանգամանքը մեզ ծանոթացրեց տիկին Նունե Սարգսյանի և նրա «Կախարդական կոճակներ» հեքիաթի հետ։ Երաժշտական ներկայացման սյուժեն և երաժշտությունը ընտրելիս ի սկզբանե որոշվել էր ընտրել հայ մանկագրի և հայ կոմպոզիտորի, որպեսզի մեր երեխաները մասնակցեին ամբողջովին հայկական ներկայացմանը։

Նունե Սարգսյանի «Կախարդական կոճակներ» հեքիաթը տարբերվում էր մնացած ստեղծագործություններից և միանգամից գրավեց մեր երեխաների ուշադրությունը, մանավանդ, որ նրանցից շատերը արդեն ծանոթ էին հեքիաթի առաջին՝ 2005 թվականի տպագրությանը։ Մեր օրերում շատ դժվար է գտնել մանուկների համար նախատեսված ստեղծագործություն, որն ունենա այդքան բազմազան և գունեղ հերոսներ, իր մեջ պարունակի կրթող և դաստիարակչական տարրեր։ Շփվելով հեքաթի հերոսների հետ՝ ակամայից երեխայի մոտ ձևավորվում և արժեքավորվում են ընկերության և բարության կարևորության պատկերացումները, նպատակասլացությունը, դժվարություններ հաղթահարելու այդքան կարևոր ունակությունը։

Ինչ վերաբերում է հեքիաթը երաժշտական ներկայացում դարձնելու մասին, ապա մեր կոմպոզիտորը՝ Աննա Ռուբիկի Հարությունյանը, մեծ ոգևորությամբ և հեշտությամբ կարողացավ գտնել այն ճանապարհը, որով և «Կախարդական կոճակներ» հեքիթի հերոսները ունեցան նաև իրենց երգերը, որոնք շատ ներդաշնական են նրանց բնավորությանը։ Այս ամենը միայն խոսում է հեքիաթի արժանիքների մասին։

Նորանոր հաջողություններ ենք մաղթում տիկին Նունե Սարգսյանին և նրա բոլոր ստեղծագործություններին, հանձին մեզ արդեն շատ հարազատ դարձած «Կախարդական կոճակներ» հեքիթի։

տիկին՝ Մոնիկա Պետրոսյան

Ալ․ Հեքիմյանի անվան երժշտական դպրոցի տնօրեն

Հեքիաթը՝ որպես ժանր, պարզ է և բարդ միաժամանակ: Պարզ է, քանի որ աշխարհը հստակորեն բաժանվում է վատի և լավի, հերոսները՝ կամ բացառապես դրական, կամ շեշտակի բացասական կերպարներ են, բարին էլ միշտ հաղթում է: Իսկ բարդ է, քանի որ պարզությունը ընդամենը թվացյալ է: Մեր օրերին հեղինակը պետք է օժտված լինի արտակարգ երևակայությամբ, որպեսզի ստեղծի իր սեփական՝ ճանաչելի և ինքնատիպ հեքիաթային իրականությունը: Դա լիովին հաջողվել է «Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս» հեքիաթի հեղինակ Նունե Սարգսյանին:

Այստեղ և՛ չարամիտ ու նենգ Գռաքոման է՝ աշխատասեր, բայց թշվառ գլխակոնդիկների ստորերկրյա թագավորության տիրուհին, և՛ Լիզարդոս մողեսների գահընկեց, բայց չպարտված թագաժառանգ խիզախ Բազիլիսկուսը, և՛ գարշելի, արյունախում սպարապետ Ահարոնը: Ընդ որում, Նունե Սարգսյանը հմտորեն և աննկատ կերպով սրամիտ զուգահեռներ է անցկացնում երևակայության արգասիքի և ժամանակակից իրականության միջև՝ ընդհուպ մինչև բամբասկոտ հարևաններ, ոստիկանական մեքենա և երթևեկության տրամվայ:

Մանկական հեքիաթը պետք է գնահատվի, առաջին հերթին, այն բարության լիցքով, որը կրում է բռնության մեր դաժան աշխարհում, և այն արժեքներով, որոնք քարոզում է: «Դավիթ, Հայկ և Բազիլիսկուս» պատմության բարության լիցքը անսահման է՝ խղճում ես անգամ անխիղճ Գռաքոմային. չէ՞ որ նա մանկուց զրկված է եղել ծնողական սիրուց՝ անպետք ու անտեր պատսպարվել է գլխակոնդիկների թագավորությունում:

Ինչ վերաբերում է քարոզվող արժեքներին, ապա դրանք կարևորագույնն են մարդկային ցեղի համար՝ ընտանիքը, երեխաները, կարեկցանքը դեպի մերձավորը և ամենակլանիչ սերը: Հենց անսահման սերն է մարդկության բարեկեցության աղբյուրը, խորհրդավոր գաղտնիքը և ապագա սերունդների գոյության գրավականը, միայն սերը կփրկի մարդկությունը կործանումից: Անգամ մարդկանց մութ արարքներից սարսափող Բազիլիսկուսը, տեսնելով Դավիթի և Հայկի անկեղծ ու մաքուր բարությունը, դառնում է սխրանքի ընդունակ, հավատարիմ պաշտպան:

Կարևոր է նաև Նունե Սարգսյանի պատկերավոր, վառ և հյութեղ լեզուն, որը երեխաների մեջ կսերմանի սեր դեպի մայրենին, դեպի հայոց լեզվի անսպառ հարստությունները:

Համոզված եմ, որ հեքիաթներ կարող են ստեղծել միայն լուսավոր մարդիկ, քանզի այդ աշխարհ տանող ճանապարհը ուրիշներին արգելված է:

Հասմիկ Մարկոսյան

Երևանի պարավեստի պետական քոլեջի փոխտնօրեն, ՀՀ վաստակավոր մանկավարժ

«Երեք վիշապը» Նունե Սարգսյանի` մանուկներին հասցեագրված բազմաթիվ երկերից է: Պատմությունը բացվում է հայկական հեքիաթի ավանդական բանաձևով` լինում է, չի լինում: Սակայն հեղինակն իր փոքրիկ ընթերցողին պատմում է ոչ թե հզոր թագավորի կամ գեղեցիկ արքայադստեր, այլ խոր լճի հատակում բնակվող երեք վիշապ եղբայրների մասին: Նրանցից երկուսն ունեն գեղեցիկ պուտերով վառ գույնի մաշկ և կարող են մռնչալով վախեցնել լճի ձկներին ու ալեկոծել ջուրը: Կրտսեր վիշապը, ճիշտ հեքիաթի երրրոդ եղբոր նման, զուրկ է այս առավելություններից: Նա անշուք տեսք ունի. մաշկը գորշ է` առանց պուտերի: Բայց անգամ երեխաները գիտեն, որ արտաքինը խաբուսիկ է: Ավագ եղբայրները նախանձ են ու չար, և կրտսեր եղբայրն է, որ ընտրվում է պատմության գլխավոր հերոս, որովհետև ունի կարեկից սիրտ և սիրում է իր անխոհեմ եղբայրներին:

Նունե Սարգսյանի այս հետաքրքիր պատմության մեջ խնամքով պահպանված են դասական հեքիաթի բանաձևային կառույցները, սակայն հեղինակը կատարում է յուրատիպ փոփոխություններ կերպարների անձնակազմում և ավանդաբար նրանց հատկացվող գործառույթներում: Նա ստեղծում է վերափոխված կերպարների մի ամբողջ շարք. վհուկ, որ հոգնել է վախեցնելուց, սև կատու, որ ամենևին դժբախտություն չի բերում, և վիշապ որ խոնարհ է ու ներողամիտ:

Հանուն իր փոքրիկ ընթերցողների հեղինակը բնությամբ վայրի վիշապին հասցնում է մանկանոց` չեզոքացնելով վերջինիս մասին զրույցներին բնորոշ ահազդու տրամադրությունը և փոխակերպելով նրան գրեթե ձեռնասուն մի էակի: Մանկական իր այլ երկերում հեղինակը վիշապներին «շնորհում» է տարբեր գործառույթներ` «ստիպելով» նրանց հանդես գալ որպես արքունի դայակ, որ հեքիաթ պատմելով` քնեցնում է թագավորի թոռներին («Թագավորն ու վիշապը») կամ որպես խելացի ու քաջասիրտ աղջիկների հովանավոր-օգնական («Զմրուխտյա մկրատը»):

Պատմության շարադրանքն առանձնանում է մանուկներին հասկանալի ու պարզ լեզվով, հրաշապատում սյուժեին համարժեք դիպուկ բառավորմամբ և պատումի համաչափ ընթացքով: «Երեք վիշապը» հրաշալի գիրք է փոքրիկների ընթերցանության համար: Դյուրըթերցելի տեքստի, գրավիչ սյուժեի և գրեթե բոլոր էջերին զետեղված վառ նկարազարդումների շնորհիվ հրաշապատում այս գրվածքը հեշտությամբ կարող է հրապուրել փոքրիկ ընթերցողներին ու վայելել նանց սերը:

Ալվարդ Ջիվանյան

Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, «Հասկեր». մանկական գրականության և բանահյուսության տարեգրքի գլխավոր խմբագիր

Մրջնակերները խոշոր անատամ կենդանիներ են: Թաթերով քանդելով մրջնաբները` իրենց երկար ու նեղ լեզուներով նրանք որսում են բներում գտնվող միջատներին: Սակայն նախկինում ամեն ինչ այլ կերպ է եղել: Վաղեմի ժամանակներում մրջնակերներն ունեին սպիտակ, սուր ատամներ և կարող էին ուտել հատապտուղներ, խրթխրթան ոստեր և ուրիշ ախորժելի բաներ, որոնցով հարուստ էր մայր անտառը: Ուտում էին սրտներն ուզածի չափ` ամենևին հոգ չտանելով իրենց ատամների մասին: Ու թեև Փորսուղը` անտառի ատամնաբույժը, զգուշացնում էր, որ ատամները կարող են փչանալ, անխոհեմ կենդանիներն անտեսում էին նրա հորդորները…

Մրջնակերների մասին այս ուշագրավ ու հետաքրքիր պատմությունը չունի բարի ավարտ, քանի որ հեքիաթ չէ, այլ ժամանակակից ծագումնաբանական առասպել, նաև սթափեցնող առակ, որովհետև պատմության հերոսները որպես մարդիկ գործող անձնավորված կենդանիներ են: Գրքի խրատական բնույթն առավել հստակ բացահայտվում է պատմության ավարտին. քանի որ մրջնակերները չէին մաքրում իրենց ատամները, կորցնում են դրանք` զրկվելով անտառի համեղ բարիքներից:

Անկասկած, դժվարին խնդիր է ստեղծել պատմություն, որ միաժամանակ թե՛ զվարճալի լինի, թե՛ խրատական: Սակայն գրքի հեղինակին լիովին հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրը: Իր հաստատուն ու անշտապ ձայնով և խաղուն ոճով պատմողը հիշեցնում է իմաստուն ծնողի, որ գիտի ինչպես խրատել և առաջնորդել իր զավակներին գրավիչ զրույցի միջոցով:

Գրողի և նկարազարդողի նույնությունն է՛լ ավելի ներդաշնակ և համոզիչ է դարձնում մանուկ ընթերցողին ուղղված այս հետաքրքիր զրույցը: Երկու զուգահեռ` գծային և պատկերային պատմությունները հմտորեն մեկտեղված են. տեքստ և պատկեր կազմում են մեկ` միահյուսված ամբողջություն:

Ալվարդ Ջիվանյան

Հովհաննես Թումանյանի թանգարանի հեքիաթագիտության բաժնի ղեկավար, «Հասկեր». մանկական գրականության ևբանահյուսության տարեգրքի գլխավոր խմբագիր

Յուրօրինակ մտածողություն, վառ երևակայություն, միշտ պայծառ միտք. խիստ համառոտ այսպես կարելի է նկարագրել «Երեք վիշապ» գրքի հեղինակ, մանկագիր Նունե Սարգսյանին: «Երեք վիշապ»-ը նրա գրքերից մեկն է, ավելի ճիշտ՝ նրա ինքնատիպության վկայություններից ևս մեկը: Այն հեքիաթ է, սակայն հեքիաթ է առերևույթ, որովհետև ընթերցելուց հետո այնպիսի զգացողություն ես ունենում, որ դու այդ ամենն ինչ-որ կերպ տեսել ես: Հենց դա է գրողի վարպետություն ասվածը, որն ընթերցողին ոչ սովորական ճանապարհով տանում է դեպի այն իրականությունը, որը կախարդական է, բայց և՝ առօրեական:

Նունե Սարգսյանն ունի այն կախարդական բանալին, որով կարողանում է թափանցել մանուկների հոգու խորքը՝ վերարտադրելով այնտեղ թաքնված երևակայական աշխարհը: Ընդ որում, նա դա անում է հենց երեխաների հետ, նրանց միջոցով:

Այս խոսքերի վառը ապացույցը հեղինակի ստեղծած գրականությունն է, որը բազմաշերտ է և հոգեհարազատ, որը կարծես թե միայն մանուկների համար է, սակայն որը կարողանում է գրավել նաև մեծերին:

Նունե Սարգսյանի հեքիաթները ազնիվ են ու բարի, նույնիսկ եթե այն վիշապի մասին է: Դրանցում գերակշռողը բարությունն է, իսկ չարը նույնիսկ կորցնում է իր այդ էությունը:

Առանձին թեմա են գրքերի նկարազարդումները, որոնք կարծես սնվել են գրքի բովանդակության ինքնատիպությունից և դարձել խոսող ու ընթերցողին խոսեցնող պատկերներ:

«Երեք վիշապ» հեքիաթը պարզ շարադրանքով և գունագեղ պատկերներով կախարդում է հենց առաջին բառից ու հայացքից: Հեքիաթը, որ երեք վիշապ եղբայրների մասին է, վառ ապացույց է, որ իրականում չար էակներ չկան: Պարզապես իրադարձություններից, միջավայրից ելնելով՝ մարդկանց գործողությունները կարող են չար դիտարկվել: Սակայն նախանձից դրդված զգացմունքներն ի վերջո շտկվում են, երբ մարդը հասկանում է իր սխալը: Հեքիաթում կարևորվում են հենց այդ՝ սխալը հասկանալու և հարաբերությունները կարգավորելու գաղափարը, համերաշխությունը, հոգատարությունն ու միասնությունը ընտանիքում:

Ընտանիքում են ձևավորվում երեխայի անհատականությունը և բնավորությունը: Եւ Նունե Սարգսյանի գրականության ընթերցանությունը մշակույթ է ձևավորվում ընտանիքում երեխայի ճիշտ դաստիարակության համար:

Ընթերցանության՝ որպես դաստիարակչական մեթոդի գրավչությունն ակնհայտ է դառնում նաև Նունե Սարգսյանի կախարդական ստեղծագործությունների շնորհիվ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն այդ մեթոդի և այն կիրառելու ջերմեռանդ ջատագովներից է:

«Երեք վիշապ» հեքիաթն այդ մեթոդի կիրառման  լավագույն  և տեսանելի վկայություններից է։ Պատահական չէ, որ այն շատ սիրված  է գրադարանի այցելու մանուկների կողմից, որովհետև Նունե Սարգսյանի վիշապները ոչ միայն չար չեն, այլև կարողանում են գրավել երեխաներին։

ՌՈՒԶԱՆ ՏՈՆՈՅԱՆ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն