Նունե Սարգսյան
Նունե Սարգսյանը ծնվել է Երևանում։ Երևանի պետական համալսարանն ավարտելուց հետո աշխատել է Մատենադարանում՝ հնագույն ձեռագրերի համաշխարհային առաջատար գիտահետազոտական ինստիտուտներից մեկում։ 1991 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ստացել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջի արվեստի պատմության մագիստրոսի կոչում:
Բացի արվեստի, երաժշտության և մշակույթի մասին ստեղծագործություններից, Նունեն հրատարակել է երեխաների համար 20-ից ավելի գրքեր: Արաբերեն, իտալերեն, վրացերեն, ռուսերեն և ուկրաիներեն թարգմանված նրա մանկական գրքերը մեծ ճանաչում են ձեռք բերել երիտասարդ ընթերցողների շրջանում Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:
2021 թվականին նրա «Կապույտ գետաձիուկի եւ վարդագույն մկնիկի արկածները» շարքի առաջին գիրքը արժանացավ գերազանցության և առաջադրվեց Երիտասարդների համար գրքերի միջազգային խորհրդի՝ IBBY-ի, 2022 թվականի պատվավոր ցանկում որպես «Ակնառու գիրք»: Գրադարանների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան ընտրել է Նունեի գրքերը և ներառել է որպես «Լավագույն նկարազարդ գրքեր»-ից մեկը՝ «Աշխարհը նկարազարդ գրքերի միջոցով» ծրագրի մեջ:
Նրա մայրը եղել է ուսուցչուհի, իսկ հայրը՝ գրող։ Նունեն գրել է ավելի քան 20 գիրք երեխաների համար, մայր է և տատիկ, արվեստի և մշակույթի աշխատանքների աջակից և հեղինակ, ինքը ևս՝ նկարչուհի։
Խորհրդային հասարակության մեջ, որտեղ մեծացել է Նունեն, երեխաները դաստիարակվում էին այնպես, որ գնահատեն մշակույթը, ուսումնասիրեն և հասկանան գրավոր խոսքի կարևորությունը հասարակության մեջ: Նունեի սերը լեզվի նկատմամբ և վերաբերմունքը երաժշտության, բառերի, գրքերի հանդեպ նպաստեցին նրա մեջ վաղ հետաքրքրության առաջացմանը կատարողական արվեստի նկատմամբ, և յոթ տարեկանում, դպրոցական կյանքին զուգահեռ, նա զբաղվում էր երաժշտությամբ և այցելում թատերական խմբակ: Ութ տարեկանում նա նամակ գրեց տեղական ռադիոկայանին՝ աշխատանքի անցնելու խնդրանքով։ Այդ համարձակ մոտեցումը՝ ձգտել ներդրում ունենալ սիրած միջավայրում և դրա մաս կազմել, այսօր էլ նրա մեջ է:
1971 թվականին Նունեն ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ՝ հինգ տարի սովորելով օտար լեզու և գրականություն։ Այնուհետև նա աշխատեց Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Նունե Սարգսյանը 1978 թվականին ամուսնացել է Արմեն Սարգսյանի հետ: Նրանք ունեն երկու զավակ՝ Վարդանը և Հայկը, և երեք թոռնիկներ։ Սավաննան՝ Նունեի թոռնուհին, նրա համար ստեղծագործական անսպառ ակունք է և մանկական գրքեր գրելու ոգեշնչողը։ Նրանք միասին երեք գիրք են հրատարակել Կապույտ գետաձիու և վարդագույն մկնիկի մասին։
Ընտանիքը Անգլիա է տեղափոխվել 1991 թվականին։ Նունեն Լոնդոնում վերադարձավ երաժշտության հանդեպ իր սիրուն և համագործակցություն հաստատեց հանրահայտ Steinway Pianos կազմակերպության հետ՝ համերգներ նախաձեռնելով սկսնակ տաղանդավոր երաժիշտների համար, այդ թվում՝ 23-ամյա դաշնակահար Քիթ Արմսթրոնգի համար, ում Նունե Սարգսյանը աջակցել է 15 տարեկան հասակից, ինչպես նաև աշխատել է հանրահայտ դաշնակահարների հետ։
1992թ.-ին Նունե Սարգսյանը շարունակեց 20-րդ դարի ժամանակակից արվեստ ուսանել։ Նրա գիտական աշխատանքի թեզը Արշիլ Գորկու վերացական էքսպրեսիոնիզմն էր: Նունե Սարգսյանը ամուսնու՝ Արմեն Սարգսյանի հետ՝ (ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ 1996-1997թթ. և ՀՀ նախկին նախագահ 2018-2022թթ), աջակցել են Գորկու աշխատանքների հետահայաց ցուցադրությանը Լոնդոնի «Tate Modern» թանգարանում 2010 թվականին:
Նունե Սարգսյանը եղել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանության մշակույթի գծով խորհրդական, ապա՝ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Դեսպանությունում աշխատելու ընթացքում Նունե Սարգսյանը հարթակ է ստեղծել բազմաթիվ հայ արվեստագետների համար, ինչպես նաև նպաստել է մի շարք բացառիկ և բազմաբնույթ ցուցահանդեսների կազմակերպմանը, սկսած «Faberge’»-ից (որը նա օգնեց Կրեմլից փոխադրելու Լաս Վեգաս) մինչև «Խորհրդանիշ և առեղծված. արվեստն անցումային փուլում» Քենսինգթոն, Լոնդոն: Արվեստի, մշակույթի և գրքերի աշխարհների միջև Նունեն նաև նկարում և նկարազարդում է: Նրա աշխատանքները տարբերվում են՝ պայծառ, գունագեղ նկարներից մինչև սև թանաքով արված աբստրակտ պատկերներ: Նա իր առաջին ցուցահանդեսն իրականացրեց 2017 թվականին, Լոնդոնի Էվերարդ Ռիդ պատկերասրահում։
Նունե Սարգսյանն ապրում է Լոնդոնում և Երևանում։