«ԱԼԼԵՔՍԱՆԴՐ ԹԵՔՆԻՔ»

ՈՒՍՄՈՒՆՔ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ

Առողջության մասին

Ես կոճակ եմ կարում։ Մի ձեռքում կոճակն է, իսկ մյուսում՝ ասեղն ու թելը։ «Ուսուցիչը» մոտենում է հետևից և ձեռքերը դնում ուսերիս։

  • Թուլացրու մկաններդ։ Կոճակ կարելու համար պետք չէ ամբողջ մարմինը գործածել, այլ միայն՝ ձեռքերը, մատները և աչքերը։

«Ուսուցչի» այս խոսքերից հետո ես գիտակցում եմ որ, այո’, զսպանակի պես ձգել եմ բոլոր մկաններս, նույնիսկ՝ դեմքիս, և, կծկված՝ կար եմ անում։ Խորը շունչ քաշեցի և ուղղեցի ինքս ինձ։ Ի՜նչ թեթևություն։

Պարզ և փոքր շարժումներ անելու համար, պարզվում է, որ մենք հսկայական չափով ավելորդ ջանք ենք գործադրում։ Եթե ես կոճակ կարելու համար օգտագործեմ այնքան ուժ, որքան պահանջվում է միայն կոճակ կարելու համար, ես իմ մարմնի մեջ էներգիայի մեծ պաշար կխնայեմ այլ գործերի համար՝ լինի մտավոր, թե ֆիզիկական։

Որևէ գործողության կատարման համար պահանջվող ուժի ճիշտ որոշումը ձիրք է, որով ծնվում է ամեն մարդ և, սակայն, կորցնում տարիների ընթացքում։ Այս ձիրքը վերագտնելու մեթոդ է մշակել Ֆրեդերիք Մաթիաս Ալեքսանդրը։ Հոգեբանա-մարզական բուժման այս ձևը հեղինակի անունով կոչվել է «Ալեքսանդր թեքնինք»։

1869 թվականին Ավստրալիայի ծովափնյա ագարակներից մեկում ծնվել է Ֆրեդերիք Մաթիաս Ալեքսանդրը։ Ծնողները, տեսնելով, որ երեխան շնչառական դժվարություններ ունի, գերադասեցին երեխայի կրթությունը կազմակերպել տանը։ Իննը տարեկան հասակում Ֆրեդերիքի առողջությունը բարելավվեց, և տղան ոգևորությամբ սկսեց զբաղվել ձիավարժությամբ և թատրոնով։ Երիտասարդության տարիներին Ֆրեդերիքը շարունակեց ասմունքել, խաղալ, բեմադրել։ Եվ հենց թատրոնից սկսվեց Ալեքսանդրի տանջանքը և այդ տանջանքից ազատվելու ելքի փնտրտուքը։

Արտասանելիս կամ թատերական պիեսներում խաղալիս, նա նկատեց, որ ձայնը խռպոտվում է և շնչելը դժվարանում։ Դերասանի համար դա լինել-չլինելու հարց է։ Երբ Ալեքսանդրը հանգիստ էր, ձայնը հնչում էր, երբ հոգնում էր՝ ձայնը կորչում էր։ Ալեքսանդրը փորձեց գտնել պատճառը։ Նայելով հայելու մեջ՝ նա նկատեց, որ արտասանելիս լարում է վիզը և հետ տանում գլուխը, որի պատճառով կրճատվում են մեջքի մկանները և որպես հետևանք՝ ճնշում է գործադրվում ձայնալարերի և թոքերի վրա։

Ալեքսանդրը հասկացավ, որ մարմնի անդամների իր սխալ գործադրմանը մասնակցում է ոչ միայն ողջ մարմինը, այլ նաև՝ միտքը։ Երկար ուսումնասիրություններից հետո նա նկատեց, որ գլխի, վզի և կրծքավանդակի մկանների հարաբերությունները մարդու շարժումների կազմակերպման առաջնահերթ գործոններն են։ Ալեքսանդրը ունումնասիրում էր մկանների դիրքն ու վիճակը շարժվելիս, քայլելիս, շնչելիս, խոսելիս։ Նա, ի վերջո, հանգեց այն գաղափարին, որ մարմինն ու միտքը հոգեֆիզիկական մի ամբողջություն են՝ սերտորեն իրար կապակցված։ Եվ այդ գաղափարը դարձավ Ալեքսանդրի տեսության հիմնաքարը։

Ալեքսանդրի ուսմունքը հետազոտած իմ ընկերներից մեկն ասաց, որ «Ալեքսանդրի թեքնիքի» մասին հնարավոր չէ գրել, մինչև ինքդ չփորձես, ինչպես ասում են՝ մաշկիդ վրա։ Բնականաբար, ես որոշեցի մի քանի դասեր անել և պատրաստակամորեն«հանձնվեցի» ինձ ծանոթ ուսուցչիս։ Հենց առաջին դասից հետո հասկացա, թե բառերով որքան դժվար է նկարագրել այս ուսմունքի էությունը։ Դա յոգա չէ, մերսում չէ, և ոչ էլ արևելյան հոգեփիլիսոփայություն։ Ամենալավ սահմանումը, թե ինչ է «Ալեքսանդր թեքնիքը», սահմանել է Ամերիկայի Թաֆթս համալսարանի հոգեբանական հետազոտությունների ինստիտուտի նախկին տնօրեն Ֆրենք Ջոունսը. «Ալեքսանդրի մեթոդը միջոց է, որի ժամանակ, արգելակելով որոշ կեցվածքներ, կարելի է փոխել ստերեոտիպ դարձած ձևերը»։

Ուսուցչին ժամանակ պահանջվեց կենտրոնանալու համար։

«Ողնաշարը,- ասաց նա ինձ,- մարմնի սյունն է ու հենարանը։ Հենվիր ոտքերիդ և վստահիր նրանց։ Զգա’, որ դու ծանրություն ես այս աշխարհի վրա և աշխարհն էլ քեզ ձգում է»։

Նա իր երկու զգայուն մատներով բռնեց ծոծրակս և, համոզվելով, որ ներքուստ ես փորձում եմ թուլացնել լարված մկաններս և ինձ վրա ոչ մի ուրիշ ուժ չի գործում, բացի երկրի ձգողականությունից, նստեցրեց փայտյա ուղղաձիգ հենարանով կոշտ աթոռին։ Եթե ենթադրենք, որ նստելու համար մենք գործածում ենք տաս միավոր ուժ, ապա կարող եմ վստահեցնել ձեզ, որ այս դեպքում ես գործածեցի միայն մեկ միավոր։

Որքան մարդ երիտասարդ է, այնքան բնական և անկեղժ են շարժումները։ Տարիքի հետ այդ անկեղծությունը կորչում է։ Ի՞նչն է պատճառը։

Նախևառաջ՝ երեխան ակամա հետևում է և կրկնում իրենից մեծերին, երկրորդ՝ դպրոցի ճնշումը և երեխայի լարված կյանքը այնտեղ։ Երրորդ՝ զգացական ապրումները, որ երեխան ունենում է և ոչ մի կերպ չի կարողանում արտահայտել։ «Խեղդված» ապրումները մնում են երեխայի մեջ՝ ճնշում ստեղծելով նրա մտքի և մարմնի վրա՝ ներսից։ Չորրորդ՝ մեծահասակների դաստիարակությունը երեխայի ազատ բնությանը հակառակ, որը կաշկանդում է բնությունից տրված անկաշկանդ միտքն ու շարժումները։

Այսպիսով՝ կյանքի ընթացքում ձեռք բերած սովորույթներն ու հատկությունները խոչընդոտում են բնությունից տրված ազատ մտածողությունն ու շարժուձևը։

Ալեքսանդրի մեթոդը օգնում է մարդուն վերադառնալ դեպի բնականը, վերագտնել մարմնի և մտքի փոխկապակցված ազատությունը, նաև նպաստում է, որ այդ փոխկապակցվածությունը լինի գիտակցված՝ բնազդային կապը կորցրած լինելու պատճառով։

1890 թվականին Ալեքսանդրի համբավը տարածվում է թե որպես դերասան, թե՝ որպես «ուսուցիչ»։ Նրա այցելուները սկզբում միայն դերասաններ էին, որոնք գալիս էին ուղղելու կեցվածքը և ձայնը։ Այն ժամանակ, հակառակ այսօրվան՝ շատ քիչ բժիշկներ կային, որ իրենց դիմող հիվանդներին խորհուրդ էին տալիս զբաղվել Ալեքսանդրի թեքնիքով։

1904 թվականի ապրիլին Ֆրեդերիք Ալեքսանդրը մեկնեց Լոնդոն, որտեղ նրա գործը մեծ թափ ստացավ։ Ժամանակի բազմաթիվ անվանի դերասաններ և դերասանուհիներ հաճախում էին նրա «դասերը»։ Ալեքսանդր Թեքնիքի «աշակերտներից» են եղել Բերնարդ Շոուն, Ալդոուս  Հաքսլին, Ջուլի Էնդրուզը, Ջուդի Դենչը, Անեթ Բենինգը, Ջոն Քլիզը, Ջերեմի Այրոնսը, Փոլ Մաք Քարթնին, Հյու Ջեքմենը, Մադոննան, Ալան Ռիքմանը և ուրիշ հայտնի անձնավորություններ։

Միաժամանակ Ալեքսանդրը պայքարում էր նրանց դեմ, ովքեր փորձում էին կրկնօրինակելով ձևափոխել և արժեքազրկել իր մեթոդը։

1919 թվականին նա հրատարակեց իր առաջին գիրքը՝ ‘Man’s Supreme Inheritance’, որի թեման էր «մարդու զարգացման այն փուլը, երբ նա իր մարմնի և մտքի ենթագիտակցական ղեկավարումից անցնում է գիտակից ղեկավարման»։ Գիրքը շատ լավ ընդունվեց և շարունակաբար տպագրվում էր Ալեքսանդրի կյանքի ընթացքում։

1924 թվականին Լոնդոնի իր ստուդիայում Ալեքսանդրը հիմնադրեց առաջին դպրոցը, որտեղ սկսեց դասավանդել «Կրթությունը հասարակության զարգացման բանալին է» սկզբունքով։

Տարիներ շարունակ Ալեքսանդրը ձգտում էր հաստատել իր մեթոդի կանոնավոր ուսուցում պոտենցիալ և ապագա ուսուցիչների համար։ Նա համոզված էր՝ որպեսզի ուսուցիչը բարձր որակ ունենա, պարտավոր է օգտագործել իր մեթոդի սկզբունքները ինքն իր վրա ամեն օր։ Եվ միայն դրանից հետո ուսուցիչը կկարողանա նույնը սովորեցնել ուրիշներին։

Ալեքսանդրի եղբայրը՝ Ալֆրեդ Րեդնը, զգաց եղբոր ուսմունքի կարևոևությունն ու օգուտը, երբ ավտովթարի ժամանամ կոտրեց ողնաշարը։ Նորից ոտքի ելնելու, շարժվելու, քայլելու հույս չկար։ Սակայն Ալֆրեդը սկսեց օգտագործել Ալեքսանդր թեքնիքի «արգելակման և գիտակցված ուղղորդման սկզբունքները»։ Հասկանալու համար, թե ինչ բան է վերոհիշյալը, որոշեցի ինքս փորձել։

Ինչ վերաբերում է Ալֆրեդին, ապա նա ապաքինվեց տասնութ ամսվա ընթացքում և մինչև մահ դասավանդեց Ալեքսանդրի ուսմունքը։

«Ուսուցիչն» ասաց. «Իմ ձեռքը հրաման է տալիս մարմնիդ, իսկ իմ խոսքերը՝ գիտակցությանդ»։

Եվ նա ձեռքերով հպվեց մկաններիս և սկսեց խոսել՝ թուլացրու մկաններդ, վիզդ, գլուխդ՝ հանգիստ, ծանրությունդ կենտրոնացրու ոտնաթաթերիդ վրա։

Ես կատարում եմ հրամանները և զգում, թե որքան պրկված էր իմ մկանային համակարգը, նույնիսկ թվացյալ՝ հանգիստ կանգնած վիճակում։

Ալեքսանդր թեքնիքը սովորեցնում է ճիշտ զգալ մարմնի ամեն անդամի դերը և տեղը։ Նստելու գործողություն կատարելու համար պետք չէ պրկել ուսերը, թևերը, ազդրերը, այլ՝ առաջին պահին, «նստիր» հրամանը ստանալուց հետո, հարկավոր է մտքում ասել «ոչ»։ Սա Ալեքսանդրի ուսմունքի մեջ կոչվում է «արգելակում»։ «Ոչ» ասելու պահին պետք է ավելորդ ձևով պրկած մկանները աստիճանաբար թուլացնել։ Եվ միայն հետո, գիտակցաբար՝ զգալով ողնաշարի հենարան լինելը, ծալել ծնկները և նստել։ Այն պահը, երբ ասում ես «ոչ», իզուր չի անցնում։

«Արգելակման» իմաստը հետևյալն է, հրամանին պատասխանող շարժումը չպետք է լինի արագ, անմտածված, կծկված ու ձգված մկանների օգտագործում այլ թեթև և անկաշկանդ շարժում, որ ծախսում է նվազագույն էներգիա։ «Ոչ»-ը կանգնեցնում է մեքենայական, սովորություն դարձած շարժումը։

Ալեքսանդրի նախկին աշակերտներից Մայքլ Գելբը գրում է. «Ալեքսանդր թեքնիքը փորձ է որևէ մեկին ազատել արդեն արմատացած մարմնական և հոգեկան սովորությունների գերիշխանությունից»։

Մեկ ժամ տևողությամբ Ալեքսանդր թեքնիքի դասից հետո այն տպավորությունն ու զգացումն է, որ մարմնիդ անդամները գրավել են իրենց ճիշտ և բնականոն դիրքը։ Լարվածությունը լքում է մարմինդ, բոլոր տեսակի մկանային ցավերն անհետանում են, քաշդ, կարծես թեթևանում է։

1932 թվականին Ֆրեդերիք Ալեքսանդրը գրեց իր երկրորդ գիրքը՝ The Use of the Self – «Ես-ի գործածումը» վերնագրով, որտեղ նկարագրեց իր ուսմունքի ստեղծման և զարգացման ընթացքը։ 1941 թվականին լույս տեսավ Ալեքսանդրի վերջին գիրքը՝ ‘The Universal Constant in Living’- «Տիեզերական հավիտենականությունը կյանքում»։

1948 թվականին պետք է տեղի ունենար դոկտոր Էռնեստ Ջոուքլի՝ Հարավաֆրիկյան ֆիզիկական կրթության կոմիտեի տնօրենի դեմ հարուցած դատավարությունը։ Նա զրպարտել էր Ալեքսանդրին և նրա ուսմունքը՝ այն համարելով դատարկ հոգեփիլիսոփայություն։ Ալեքսանդրը, դժբախտ զուգադիպությամբ, այդ նույն օրը կաթված ստացավ, որի հետևանքը մարմնի ձախ կողմի անշարժացումն էր։ Ալեքսանդրը փորձեց ապաքինվել իր մեթոդի սկզբունքներով, սակայն տարիքն արդեն խանգարում էր։

Հիվանդության տարիներին Ալեքսանդրը հիմնականում զբաղվում էր իր մեթոդի ուսուցմամբ և, աշակերտներն ասում են, որ կյանքի վերջին հինգ տարիները իր գործի մեջ ամենաարդյունավետն են եղել։

Ֆրեդերիք Ալեքսանդրը մահացավ 1955 թվականի հոկտեմբերի 10-ին, սակայն նրա հիմնած ուսմունքը մարդու մարմնի հոգեֆիզիկական կատարելության մասին մինչև այսօր շարունակում է ապրել։  Բազմաթիվ երկրներում են ծանոթ Ալեքսանդրի ուսմունքին։ Անգլիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Իսրայելում և այլուր կան հատուկ դպրոցներ, որոնք երեք տարվա դասընթացով պատրաստում են «Ալեքսանդր թեքնիքով» զբաղվով ուսուցիչներ։ Միայն Անգլիայում կա տասնչորս «Ալեքսանդր թեքնինք»-ի դպրոցներ։

Ալեքսանդրի ուսմունքը ուսուցանողին երբեք չեն անվանում «բժիշկ», անվանում են «ուսուցիչ», չնայած կիրառողը՝ «աշակերտը» ենթարկվում է հոգեկան և ֆիզիկական բուժման ավելի, քան հոգեկան և ֆիզիկական ուսուցման։ Անձը, որը ենթարկվում է «Ալեքսանդր թեքնիքով» բուժման՝ կոչվում է «աշակերտ» և ոչ թե «հիվանդ»։

«Ալեքսանդր թեքնիքը» տարբեր ձևերով կարող է օգնել մարդուն։ Կախված է նրանից, թե աշակերտը ինչի կարիք ունի և ինչպիսի արդյունքի է ձգտում հասնել։ Ընդհանուր առմամբ, մարդիկ դիմում են «Ալեքսանդր թեքնիքի» երեք հիմնական պատճառներով.

Առաջինը՝ եթե ցավ կա։ Մարդիկ, որոնք ունեն հիվանդ մեջք, բռնված վիզ, ասթմա, գլխացավ, դեպրեսիա և բուժող բժիշկներ բուժումից և դեղամիջոցներից որևէ էական արդյունքի չեն հասել։ Այս ցավերը հաճախ սովորություն դարձած սխալ շարժուձևի հետևանք են և կարող են վերանալ մարմնի վերադաստիարակությամբ։ Ի դեպ, բուժող բժիշկներն իրենք են խորհուրդ տալիս դիմել «Ալեքսանդր թեքնիքի» ուսուցիչներին։ Ամենևին հակասություն չկա առաջինների և վերջինների միջև։

Երկրորդը՝ բեմական արվեստի և մշակույթի այլ ասպարեզներում կատարող անձանց մոտ ամենօրյա աշխատանքային կյանքի պայմանների պատճառով անընդհատ և միանման շարժումների կրկնությունը ստեղծում է մարմնի և հոգու կաշկանդված վիճակ։ Թատերական արվեստի կատարելության և հմտության զարգացման համար այս մեթոդին են դիմում շնչահեղձ լինող դերասաններ և ասմունքողներ, ջութակահարներ, որոնց ձախ ուսը կամ վիզը անշարժացել է, պարողներ՝ անընդհատ և տևական մեջքի ցավով։

Անհնարին է չնշել այն կարևոր փաստը, որ Անգլիայի բոլոր երաժշտական և դերասանական բարձրագույն դպրոցներում կան «Ալեքսանդր թեքնիքի» մասնագետներ, որոնք աշխատում են ուսանողների հետ կեցվածքի, ձայնի, շարժումների և մարմնի ազատության վրա։

«Ալեքսանդր թեքնիք» սովորած երաժշտի կատարման ժամանակ հանդիսատեսը տեսնում է ոչ թե կատարողի կծկված ու ջղաձգված վիճակը, այլ մարմնի բացարձակ ազատություն և ժպիտ ու հանգստություն։

Հայտնի է հետևյալ դեպքը. Անգլիահայ կիթառահար Ժիլբեր Բերբերյանի մատները երկար փորձ անելուց հետո կծկվել էին և չէին բացվում։ Միայն «Ալեքսանդր թեքնիքի» միջոցով նա կարողացավ վերստին սկսել իր աշխատանքը։

Երրորդը՝ անձի ձևակերպման և հոգեկան-ֆիզիկական բարելավման ու կատարելության հասնելու համար, «Ալեքսանդր թեքնիքի» դիմած անձը ձգտում է գիտակցականորեն մոտենալ իր մարմնի և մտքի փոխկապակցվածությանը։

Գոյություն ունի «Ալեքսանդր թեքնիքի» ուսուցիչների միություն ՝The Society օf Teachers of the Alexander Technique’ STAT, որը հիմնադրվել է 1958 թվականին և ունի հետևյալ կարևոր ու առաջնահերթ նպատակները։

.Պրոֆեսիոնալ չափանիշների հաստատում և զարգացում.

.«Ալեքսանդր թեքնիքը» դարձնել հանրաճանաչելի.

.Պահպանել շփումը միության անդամների միջև.

.Քաջալերել հետազոտական աշխատանքը.

.Արգելել ուսմունքի աղավաղումը և չարաշահումը տգետ մասնագետների կողմից.

Ալեքսանդր թեքնիքով հնարավոր է բուժել շնչառական խնդիրներ, ասթմա, նևրոզ, արյան բարձր ճնշում, մկանային և ոսկրային հիվանդություններ։

Շատ տարբեր հիվանդություններ են առաջանում մարմինը սխալ գործածելու պատճառով և, ինչպես եզրակացրիք, «Ալեքսանդր թեքնիքը» ծառայում է մարդ արարածի բարեկեցության, առողջ մտքի և առողջ մարմնի համար։

 

– Նունե Սարգսյան, 1994թ.