ՄԱՐՏ, 2000թ.
Լոնդոնի թատերական աշխարհում նորույթ է սպասվում։ Ապրիլի 6-ին Շաֆթսբըրի թատրոնում տեղի կունենա «Լոթրեք» մյուզիքլի պրեմիերան։ Ներկայացման փորձերը սկսվել են հունվարից։ Այդ ժամանակ էլ մամուլում հայտնվեցին «Լոթրեքի» հայտագրերը։
Պատճառը, որ հազարավոր լոնդոնյան ներկայացումների միջից այս մեկի լուրը շուտափույթ հաղորդում ենք Հայաստան, այն է, որ «Լոթրեք» մյուզիքլի հեղինակը Շառլ Ազնավուրն է, իսկ գլխավոր դերակատարը՝ հայազգի երիտասարդ դերասան Սևան Ստեփանը։
Ներկայացումը 19-րդ դարի վերջի հայտնի Ֆրանսիացի նկարիչ Անրի Թուլուզ Լոթրեքի (1864-1901) մասին է։


Լոթրեքը՝ Թուլուզի կոմսերի ընտանիքից էր, ուր անընդմեջ տեղի ունեցող իրարամերժ ամուսնությունները հանգեցրին տկար, գաճաճ և տգեղ մանկիկի աշխարհ գալուն։
Ծագումով Թուլուզ Լոթրեքն ազնվական էր, բայց գերադասում էր հեռու մնալ կոմսի տիտղոսից և իր ընտանիքին հարազատ շրջապատից։ Լոթրեքը նախընտրում էր իր ժամանակի մեծ մասն անցկացնել հասարակաց տներում, կրկեսում, թատրոններում և Փարիզի սրճարաններում։
Նկարիչ Թուլուզ Լոթրեքի կերպարվեստի աշխարհն անչափ ինքնատիպ էր ու հետաքրքիր։ Նրա վրձնած կերպարները հասարակ փարիզեցիներ են՝ դերասանուհիներ, կրկեսի ակրոբատներ, հասարակաց տան աղջիկներ։
1893-ին էր, երբ Լոթրեքի ստեղծագործություններն ուշադիր դիտելուց հետո հանրահայտ իմպրեսիոնիստ նկարիչ Դեգան բացականչեց. «Դե ինչ, Լոթրեք, դու էլ դարձար մեզնից մեկը»։ Սրանով Դեգան Թուլուզ Լոթրեքին արժանացրեց պրոֆեսիոնալ գեղանկարչի և պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցչի «տիտղոսը»։
Ինչպես վերը նշեցի, «Լոթրեք » մյուզիքլի գլխավոր դերակատարը Սևան Ստեփանն է՝ 29 տարեկան, կարճահասակ, դարչնագույն աչքերով, բարի և ժպտերես մի հայ երիտասարդ։ Մի զրույցի ժամանակ Սևանն ինձ պատմեց, թե ինչպես պատահեց, որ ինքը միացավ «Լոթրեքի» բեմադրությանը. «Մամուլում Լոթրեքի դերի համար տրված հայտարարությունը կարդալուց հետո որոշեցի բախտս փորձել։ Հինգ փուլ ունեցող դժվար մրցույթ էր։ Բազմաթիվ դերասաններ էին մասնակցում։ Մրցույթին միշտ ներկա էր Շառլ Ազնավուրը։ Դա ինձ ուժ ու համարձակություն էր տալիս։»
Սևանը կրթությամբ ֆիզիկոս է։ Բրիսթոլի համալսարանի ֆիզիկայի բաժինն ավարտելուց հետո ընդունվել է Բրիսթոլի Old Vic թատերական դպրոցը։ Այն ավարտելուց հետո աշխատել է տարբեր թատերական ընկերություններում։
Լոնդոնի թատերասերներն անհամբերությամբ են սպասում ապրիլի 6-ին, Ազնավուրի «Լոթրեք»-ին և դրանց արձագանքներին եվրոպական մամուլում։
Բարի երթ «Լոթրեք» -ին։

Մեջբերում հարցազրույցից.
Հոդվածներ, ակնարկներ եք գրել մշակութային գործիչների մասին: Այդ շրջանի գործունեության ի՞նչ հետաքրքիր դրվագներ են տպավորել Ձեզ:
Լոնդոնի թատրոններից մեկում բեմադրվեց Ազնավուրի ստեղծած մյուզիքլը ֆրանսիացի նկարիչ Անրի դը Թուլուզ Լոթրեկի մասին։ Արմենն ու ես գնացինք առաջնախաղին և շատ հավանեցինք։ Լոթրեքը պոստիմպրեսիոնիզմի հայտնի նկարիչներից է։ Նա ազնվական ընտանիքից էր և հիվանդությունների պատճառով հաշմանդամ էր և տրվել էր արվեստին։ Նրա գործերում շատ են կրկեսում աշխատող կանայք՝ միակ կանայք, որ չէին խորշում նկարչից։ Ահա այդ դրաման էր պատկերված մյուզիքլում՝ Ազնավուրի հիանալի երգահանության միջոցով։
Ներկայացումից հետո ճաշեցինք Ազնավուրի հետ, շնորհավորեցինք նրան և մաղթեցինք, որ ներկայացումը երկար տարիներ լինի բեմում։
Ավաղ, Ազնավուրի «Լոթրեք» մյուզիքլը դադարեցվեց մի քանի ամիս հետո։ Պատճառն ինձ հայտնի չէր։ Թերևս այդ գեղեցիկ օպերետը բեմադրվեց սխալ տեղում, սխալ ժամանակ։ Չէ՞որ Անգլիայում այս ժանրը մեծ մրցակցություն ունի։
Արմենն ու ես ներկա էինք նաև վերջին ներկայացմանը և Ազնավուրի համար այդ տխուր օրը կիսեցինք նրա հետ, սփոփեցինք և հուսադրեցինք՝ ասելով, որ անպայման պետք է կրկնել բեմադրությունը։ Մենք նաև զրուցեցինք Ջավախքի Ախլցխա քաղաքի մասին, որտեղ ծնվել են Շառլի հայրը և իմ մայրը։ Այդպես մեր միջև ավելի սերտ բարեկամություն ստեղծվեց։ Ես ակնարկ գրեցի «Լոթրեք»-ի մասին, որը տպագրվեց Երևանում՝ «Առավոտ» թերթում և սփյուռքի հայկական մամուլում։
Ազնավուրը հրաշալի երաժշտություն էր գրել։ Գուցե հայ բեմադրիչները գտնեն «Լոթրեք» մյուզիքլը և կրկին բեմադրեն, քանի որ գեղեցիկ և հետաքրքիր ստեղծագործություն է։
Բոլորս Շառլ Ազնավուրին գիտենք ոչ միայն որպես հրաշալի ստեղծագործողի, փայլուն երգահանի և մեծ հայի, այլև որպես սրտացավ ու բարի մարդու: Դուք առիթ եք ունեցել անձամբ ճանաչել նրան. հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն էր Ազնավուրը առօրյա հարաբերություններում:
Ազնավուրը շատ մարդկային անձնավորություն էր՝ առանց փառասիրության, առանց ձևականությունների։ Նա հանգիստ էր և հավասարակշռված ընկերների շրջապատում։ Նա համաշխարհային մեծության հասած դեմք էր, սակայն ամեն ինչ նրա մոտ ներդաշնակ էր, առանց որևէ ցուցամոլության։ Կեղծ նոտաներ չէի տեսնում նրա մեջ մեր զրույցներում։ Հիացած եմ Ազնավուրով՝ որպես պոետ ու երգիչ, որպես մարդ և որպես հայ։

2006 – Փարիզ