Մարդու համար, Բոլորի համար

ՀՌԻՓՍԻՄԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Հարմարավետ սենյակ է այդ արվեստանոցը՝ լի բազմազան սափորներով, արձանիկներով, նկարներով, արվեստագետին անհրաժեշտ սովորական իրերով։

Փողոցով անցնելիս՝ չես էլ կասկածում տուֆաշեն պատի հետևում գտնվող սենյակի մասին, որ տարբերվում է բոլորմյուսներից։ Այնտեղ մի ուրիշ աշխարհ է, մի քիչ հեքիաթային աշխարհ, որ մեզ կտրում է բանուկ փողոցի կյանքից։ Արվեստանոցում և’ անսովոր է, և’ շատ հարազատ։ Անսովոր է, որովհետև կավի խոնավ հոտը, դարակներին հանգչող ամանեղենը, նուրբ գույները, հանդարտությունը քեզ կտրում են քաղաքի ժխորից։

Հարազատ է, որովհետև ամբողջ սենյակը, մթնոլորտը քեզ հետ խոսում են հայերեն։ Այդ աշխարհի տիրուհին Հայաստանի ժողովրդական նկարչուհի Հռիփսիմե Սիմոնյանն է։

Պետք չէ զարմանալ նկարչուհու ստեղծագործությունների ընդգծված հայկականության վրա։ Դեռևս մանկուց Հռիփսիմե Սիմոնյանին մոտ և հարազատ է եղել հայկական ժողովրդական արվեստը։ Տատի գործած բազմանախշ գորգերը, պապի երգերն ու հեքիաթները ընդմիշտ տպավորվել են ապագա նկարչուհու երևակայության մեջ։ Տարիների ընթացքում Սիմոնյանն ավելի խոր ու բազմակողմանի է ծանոթանում հայկական արվեստին։ Նա ուսումնասիրում է ճարտարապետական կոթողներ, մանրակրկիտ հետազոտում է մանրանկարված ձեռագրեր և պեղումների ժամանակ հիանում է լույս աշխարհ հանված հայկական կենցաղի զանազան իրերով։

Մինչև այժմ էլ նա իր գործունեության պարտադիր կողմերից մեկն է համարում գյուղերում շրջագայելը, գյուղի մարդկանց հետ զրուցելը։ Արվեստագետը զննում է նրանց տարազը, հյուրընկալվում է գյուղական տներում, որտեղ նրա սուր աչքից չի վրիպում ոչ մի մանրամասն։

Այդ բոլոր ուսումնասիրությունները նշմարելի հետագիծ են դրոշմում յուրաքանչյուր ստեղծագործության վրա, որը ձևավորվում է նկարչուհու հմուտ ձեռքերով։ Եվ բացի այդ նրա գործերը չեն կարող չլինել հայկական, քանի որ Հռիփսիմե Սիմոնյանը ծնվել է Կարսում, շնչել է հայկական լեռնաշխարհի զուլալ օդը, հմայվել է Հայաստանի զարմանալի բնությամբ։ Ահա այդպիսի հիմքի վրա սկսեց աշխատել նկարչուհին։

Արվեստագետի ինքնուրույն մտածելակերպը ձևավորվեց ու պրոֆեսիոնալ հունի մեջ մտավ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին։ Այդ ամենին գումարվեց ուրույն ճաշակը, համառ աշխատասիրությունը, յուրօրինակ աշխարհընկալումը, և այժմ կարելի է հիանալ խիստ ժողովրդական, միաժամանակ անչափ անհատական խեցեգործական աշխատանքներով։

Տարիների ընթացքում նկարչուհին գտավ իր սեփական արտահայտչամիջոցները և, կարելի է ասել, հաստատեց հայկական խեցեգործության դպրոց՝ մի հաստատուն ուղղություն։ Շատերն են ուսանել և ուսանում նրա մոտ, ժառանգելով խեցեգործության գաղտնիքները։ Ստեղծագործական աշխատանքին զուգահեռ՝ Սիմոնյանն արդեն երկար տարիներ է, ինչ մանկավարժական աշխատանք է տանում Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որով նա նշանակալի ավանդ է ներդնում արվեստագետների նորանոր սերունդների դստիարակման գործում։

Սակայն, ինչպես ամեն մի արվեստագետ, Հռիփսիմե Սիմոնյանը ստեղծագործական նկատելի էվոլյուցիա է ապրել։ Սկզբնական շրջանում նրա խեցեգործական աշխատանքներում առաջատարը զարդանախշն էր։ Քաջածանոթ լինելով հայկական զարդարվեստին՝ Սիմոնյանն իր ստեղծագործություններում օգտագործում էր հայկական մանրանկարների և զարդաքանդակների տարրեր։

50-ական թվականներին ստեղծած «Ֆենիքս թռչուն», «Սիրին թռչուն» և այլ խեցեգործական աշխատանքների շարքը վկայում է արվեստագետի հակումը դեպի ճոխ զարդանախշը։ Այդ նրբանախշ, երբեմն չափազանց օռնամենտացված գործերում, սակայն, զգացվում է գծի և գույնի վարպետը։ Վարժ ձեռքով են արված թռչունները, զանազան ծաղկանախշերն ու գալարագծերը։ Վառվռուն, բայց չափավոր են գունավորված ճենապակե և հախճապակե տարբեր սկահակներ, սկուտեղներ և արձանիկներ։

60-ական թվականներին աստիճանաբար հեռանալով ճոխությունից, արտաքին փայլից, գունագեղությունից՝ Սիմոնյանը գտավ նոր ոճավորում։ Թերևս դրա պատճառը այն ակտիվ մասնակցություւն էր, որ արվեստագետը ցուցաբերեց պեղումների ժամանակ։

Կարմիր բլուրի, Դվինի, Շենգավիթի կավե անպաճույճ անոթներն ու կարասները հիացրին նկարչուհուն։ Կավն ունի իր ինքնուրույն հնչեղությունը և կողմնակի, արտաքին արդուզարդը, կարծես, ինքնին ավելորդ է դառնում։ Կավն ուրույն գեղեցկություն ունի։ Հղկված կամ անհարթ կավե մերկությունն արդեն գրավիչ է։ Կավի գաղտնիքներն ի հայտ բերելով՝ Սիմոնյանը նաև հիանալի յուրացրեց կավե իրերը փայլաներկով պատելու տեխնոլոգիան։ նա փայլաներկը չի օգտագործում կոնկրետացված, տեղայնացված սահմաններով։ Փայլաներկի ազատ օգտագործման հնարավորությունը ստեղծագործության մեծ ասպարեզ է բացում նկարչուհու համար։

«Դվին» կոչվող դեկորատիվ անոթը լայնաշառավիղ, ամրապատ մի անոթ է՝ երկու հաստատուն բռնակներով, բերանի բացվածքի մոտ անոթի շառավիղը նվազում է։ Անոթի պռունկներն օծված են սրճագույն փայլաներկով։ փայլաներկի այդ շերտը որոշակի ուղղագիծ եզր չունի, այլ նկարչուհու ցանկությամբ անփութորեն ծորացել է անոթն ի վար՝ տալով սափորին գեղեցիկ ու նորահնար մի ոճավորում։

Չի կարելի ասել, թե Սիմոնյանն ամբողջապես հրաժարվեց զարդանախշից։ նա մերթընդմերթ զուսպ ու ժլատ կերպով հայկական ոճի զարդանախշեր է դրոշմում այս կամ այն սափորի մակերևույթին։ Երբեմն դրանք գրեթե աննշմարելի են, հաճախ՝ շատ պարզ։ դա ծառայում է ի շահ անոթի կամ քանդակի, քանի որ դրանք չեն ծանրաբեռնվում, այլ դիտողին թույլ են տալիս զգալու գործի ամբողջականությունը։ Եթե խեցե սափորը պատված լիներ գունավոր զարդանկարներով՝ դիտողի հայացքը, թերևս, սահեր այդ գործի վրայով։ Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքբերին նայելիս, ձեր հայացքը չի կարող սահել ու անցնել։ Անսպասելի լուծումները, ինքնուրույն նորույթները դիտողին ստիպում են կրկին ու կրկին զննել աղջիկ- արձանիկը, սափորը կամ դեկորատիվ պնակը։

Նկարչուհին հետաքրքիր ձևով է օգտագործում գույները իր ջրաներկ աշխատանքներում։ «Բալիկներ», «Լեռների աղջիկը», «Նռենու ծաղիկներ» և այլ ակվարելներում նկատելի է Սիմոնյանի նրբաճաշակ գունազգացումը։ Նա երբեք չի խճողում գույները, այլ որոշակի, թափանցիկ վրձնահարվածներով դնում է դրանք կողք-կողքի՝ գրեթե չփորձելով սքողել թղթի սպիտակ կետերը, որ երևում են տարբեր գույների կարկատաններից։ Այդ սպիտակ կետերը օդ և շունչ են մատակարարում նկարին և ստացվում է թեթև եթերային կոլորիտ։

Հրապուրիչ են նաև նկարչուհու բազմաթիվ գծանկարները, որտեղ վարժ ու թեթևասահ գծերով հեղինակը հետաքրքրաշարժ, կոլորիտային պատկերներ ու կերպարներ է ստեղծում։

Հռիփսիմե Սիմոնյանը սիրում է անսպասելի լուծումներով ամփոփել իր աշխատանքը և զերծ չէ զարմացնելու բարի ցանկությունից։ Իսկ զարմանալով հիանալը խոսում է հօգուտ արվեստագետի։

Անոթը հանկարծ երկարաձգվում է, հարթ մակերևույթն ընդհատվում է անսպասելի մի բացվածքով, հարթությանը հակադրվում է ուռուցիկությունը։ Նման հանկարծակի անցումները շարժում, ուրախություն, երբեմն նույնիսկ հումոր են ստեղծում։

1970 թվականին ստեղծվեց «Աննիկ» դեկորատիվ քանդակը։ Հայկական տարազով, անշուշտ, մեծահարուստ մի աղջիկ-պարոն է ներկայացնում քանդակը. մի ձեռքը փարված է կրծքին, իսկ մյուսը կախված է վար։ Երկու ձեռքի մատները սեղմ դարսված են իրար մոտ, մի բան, որը երևակում է այդ կերպարի հզորությունը։ Ընդ որում՝ բացակայում են բութ մատները, դա, կարծես, ավելի է ընդգծում կերպարի բնավորությունը։ Կզակի թեք դրվածքը, ուսերի ձիգ պահվածքը և, մանավանդ, Աննիկի խոշոր աչքերը ցույց են տալիս այդ կնոջ հպարտությունն ու արժանապատվությունը։ Մեր հայացքն առաջին հերթին կանգ է առնում քանդակի գլխի վրա, որից հետո, առանց արգելքի, կոր գծերով սահում է մինչև գոտկատեղ։

Տորսի համար պատվանդան է հանդիսանում համեմատաբար մեծ տրամագծով փռված փեշը։ Քանդակի վարի մասի այս շեշտված կորացումն ու փքվածությունը հանկարծակի է բերում դիտողին և այդ հանկարծն է, որ շարժում է ստեղծում ու «շնչեցնում» քանդակը։

Գետնին ամուր հենված անշարժ կավե արձանը խոսում է աչքերի շարժուն հայացքով, գլխի վեհանձն թեքությամբ, մատների զուսպ դասավորությամբ, գլուխ-պարանոց-ուսեր կառուցվածքի սահող եզրահարթությամբ։ Գոտին, օձիքը, թասակը, որ զարդարված են փայլաներկով, ծածկում են քանդակի կավե մերկությունը և ստեղծում հայկական հարազատ կոլորիտ։ Կանացի այսպիսի քանդակներ պատահական չեն նկարչուհու ստեղծագործության մեջ։

1967 թվականին, երբ լրացավ անվանի, արդեն ԽՍՍՀՄ վաստակավոր նկարչուհի Հռիփսիմե Սիմոնյանի 50 տարին, Նկարչի տանը բացվեց նրա աշխատանքների ցուցահանդես։ Այդտեղ առաջին անգամ ցուցադրվեցին նկարչուհու կանանց կերպարներ պատկերող դեկորատիվ քանդակներ, որոնք նախատեսված են պուրակներում, կանաչապատ անկյուններում դնելու համար։ Տարեց տարի ավելացան նման քանդակները, սակայն դրանք երբեք չեն կրկնում միմյանց։

Սիմոնյանի աղջիկ-սափորներին հատուկ են խոշոր նշաձև աչքեր՝ լի թախիծով ու խոնարհությամբ. ուղղակերտ, ստատիկ քիթ, որի ակունքը հոնքերի կորագծի կենտրոնն է, մանրաշուրթ, արտահայտիչ բերան։ Այդ քանդակները, կարծես, կերտված են բնությունից տրված ներշնչանքով։
Երևի դա է պատճառը, որ «Արմենուհի», «Աստղիկ», «Հեղինե» և մյուս դեկորատիվ քանդակները՝ դրված ծառերի և քարերի կողքին, չեն զատվում բնությունից։ Ընդհակառակը, ձուլվում են բնությանը, դառնում դրա մի մասնիկը, չնայած դրանց ձև ու շունչ է տվել մարդու ձեռքը։

Սիմոնյանի դեկորատիվ քանդակները ստատիկ են ու հանդիսավոր։ Նա չի պճնում իր աղջիկներին, չի զարդարում ոլոր-մոլոր, խճճուկ արդուզարդով։ Ուստի դրանք զուսպ և ժլատ արտահայտչամիջոցներով, ավելի բովանդակալից, հզոր և շատ ավելի հայկական են։

Լինի դա աղջկա նրբակերտ քանդակ, թե ծանրակշիռ կարաս, զգացվում է արվեստագետի ամրակուռ ձեռքը։ Քանդակագործը պետք է ուժեղ ձեռք ունենա, որ կերտի։ Աշխատելիս քանդակագործը կենտրոնանում է իր ձեռքերի մեջ և ձե’ռք է դառնում։ Այդ ձեռքը, այդ ուժը կարելի է զգալ Սիմոնյանի աշխատանքներում։ Հոսունության և փխրության ոչ մի ակոս չի խանգարում Սիմոնյանի քանդակների ու անոթների հաստատունությունը։

Դրանք, ինչպես Անթեյը, ամուր ու հաստատուն են կանգնում գետնին և ստեղծվում է այն տպավորությունը, որ հենարանը ուժ ու կյանք է տալիս նրանց։ Ահա թե ինչու՝ ստատիկ արտահայտչամիջոցը Սիմոնյանի գործերում, որպես թերություն, պետք է բացառել։

Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքները դիտելիս՝ ձեռքով դրանց հպվելու և նյութն զգալու անդիմադրելի պահանջ է առաջանում։ Կավե մակերևույթը շփելիս՝ երևում է, որ առջևդ փխրուն իր չէ։

Ուժի և հաստատունության հետ միաձույլ՝ արվեստագետը սեր ու ջերմություն է ներդնում իր ստեղծագործություններում, որոնք դիտելիս զգացվում է, թե դրանք ստեղծելիս որքան կապված է եղել հեղինակը իր կերպարին։ Այդ նրբություններն զգալով՝ ինքդ էլ կապվում ես արվեստի այդ գործերին, որոնք դառնում են մոտ ու հարազատ, քանի որ ստեղծվել են մարդու համար, բոլորի համար։ 

1977 թվական

ԱՐԵՎԻԿ

Շատ հատուկ երևույթ էր սուրճ խմել այն բաժակով, որի վրա Հռիփսիմե Սիմոնյանը հայկական նախշեր է նկարել։ Բացարձակ խաղաղ, լուռ և ջերմ մթնոլորտ էր ստեղծել իր տանը Արևիկը՝ Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհին։

Ամենուր՝ այս տան մեջ՝ պատերին, հատակին, պահարաններում, խոհանոցում նկարչուհու թողած ժառանգությունն է։ Կարելի է ըմբոշխնել նայելով, հպվելով, շոշափելով։ Նույնիսկ Կեքսը՝ մեծ սև կատուն քայլում է ու քայլելիս չի զլանում ամեն անգամ մեջքը քսել արձանիկներին ու կավե սափորներին։ Կեքսի ինքնավստահությունը այս տան մեջ բնորոշում է տանտիրուհու խնամքը և ուշադրությունը բոլորի և ամեն ինչի հանդեպ։

«Այս տարի լրացավ տատիկի ծննդյան 107 ամյակը», ասում է Արևիկը

2023 թվական