Այս ակնարկը Գեղամ Գրիգորյանի մասին ես գրել եմ տարիներ առաջ՝ 2003թ.-ին, Լոնդոնում։
2021-ին, Գեղամ Գրիգորյանը կլիներ 70 տարեկան։
Հիշենք նրան։
«Առաջին անգամ Գեղամ Գրիգորյանին հանդիպեցի մի քանի տարի առաջ՝ 90-ականների սկզբին, պատահական և անսպասելի։
Երբ «Ռեյտեր» գորժակալության տնօրեն Սթիվըն Սոմերվիլի և նրա կնոջ Մարի Էլենի հետ մտանք Լոնդոնի Թագավորական օպերային շենքը, պարզվեց, որ Լոնդոն ժամանած Լուչիանո Պավարոտին հիվանդացել է և դժբախտաբար, այդ երեկո չի կարող երգել Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» ներկայացման մեջ։ Նրան կփոխարինի Գեղամ Գրիգորյանը։ Հանդիսատեսի անհանգստությունը նկատելի էր. Տեսնես ո՞վ է երգիչը, որ պետք է փոխարինի հռչակավոր և «անփոխարինելի» Պավարոտիին։
Ներկայացումից հետո իմ բարեկամները և բոլոր հանդիսատեսները, որ եկել էին լսելու Պավարոտիին, հոտընկայս և երկարատև ծափահարում էին Գեղամ Գրիգորյանին։ Դա մեծ հաղթանակ էր Գեղամի համար՝ կոտրել մարդկանց նախապաշարումը Պավարոտիի անզուգականության և բացարձակության մասին և գրավել Լոնդոնի օպերան մեկ գիշերում։


Երբ ներկայացումից հետո բեմի հետևում հանդիպեցի Գեղամին, կարծիքս փոխվեց։ Դա հաղթանակած երգիչ չէր, այլ ՝ պարզ, բարի և ուրախ մի մարդ, որ հանգստանում էր աշխատանքից հետո։ Ես հասկացա, որ հաղթանակները սովորական են այս երգչի համար։
2000 թ.-ի հուլիսն էր։ Լոնդոնյան պաղ ամառ էր։ Մարդիկ երեկոյան նույնիսկ վերարկու էին հագնում կամ ուղղակի գերադասում էին իրենց տներում նստել բուխարիկների կրակի առջև։ Սակայն քաղաքի կենտրոնում՝ Royal Opera House-ի շուրջը, ամեն երեկո անասելի աշխուժություն էր: Թագավորական օպերայի շենքում իր ելույթներն էր սկսել Սանկտ Պետերբուրգի Մարինսկի օպերային թատրոնը։
Թատրոնը մեկ ամիս շարունակ հյուրախաղեր ունեցավ Լոնդոնում և աղմկալից հաջողության հասավ՝ ներկայացնելով հինգ բալետ և հինգ օպերա՝ քսանչորս ներկայացումով։
Շնորհիվ թատրոնի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Վալերի Գերգիևի, Մարինսկի թատրոնի հինգհարյուր հոգանոց կազմը աշխատում էր մեկ մարդու պես։ Անգլիական մամուլը գրեց Գերգիևի եռանդի, հմայքի և հատկապես դինամիկ դիրիժորության մասին, որի շնորհիվ նա անցած տասներկու տարիներին կարողացավ պահել, զարգացնել և հռչակել թատրոնը։
«Գերգիևը հանճար է, որ դարձրեց Մարինսկին ժամանակակից աշխարհի արտիստիկ հրաշքներից մեկը», գրեց The Sunday Telegraph թերթը։
Ես, ինչպես կաներ ամեն հայ, հյուրախաղերի առաջին իսկ օրը բացեցի թատրոնի անձնակազմի անվանացանկը՝ հայկական անուն գտնելու նկատառումով։ Գեղամ Գրիգորյանը պետք է երգեր Վալերի Գերգիևի հրավերով՝ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» օպերայում։
Հուլիսի 15-ին Royal Opera House-ը լեփ-լեցուն էր։ Մարինսկիի հյուրախաղերի վերջին ներկայացումն էր։
Պիեռ Բեզուխովը` Գեղամ Գրիգորյանի կատարմամբ անթերի էր։ Գեղամի բեմական կատարյալ պահվածքը, ձայնի և շնչառության բացարձակ ճիշտ կառավարումը հմայեցին լոնդոնցի հանդիսատեսին, որը ներկայացման վերջում երկարատև ծափահարություններով ողջունեց Գեղամին։ «Պատերազմ և խաղաղություն» ներկայացման մեջ, որ բեմադրել էր հայտնի ռուս կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, մասնակցում էր մոտ չորս հարյուր մարդ, ներառյալ երգչախումբը և նվագախումբը։ Այս մոնումենտալ երաժշտական ստեղծագործության մեջ հեշտ չէր ներկայացնել բարդույթներով հարուստ Պիեռ Բեզուխովի կերպարը։ Սակայն, Գեղամն իր բազմամյա բեմական փորձի և արտիստիկ տաղանդի ու, չմոռանանք ամենակարևորը՝ իր հիանալի ձայնի շնորհիվ՝ հասավ մեծ հաջողության։
Գեղամ Գրիգորյանը տասը տարեկան էր, երբ հասկացավ, որ բնատուր երգիչ է, սակայն մասնագետների խորհրդով չերգեց մինչև վաղ պատանեկության տարիները։ Ուսանեց Երևանի պետական կոնսերվատորիայում և ձայնը մշակեց Լա Սկալայում։ Մարինսկի թատրոնին Գեղամը միացավ 1989թ., մինչ այդ՝ տարիներ շարունակ երգեց Վիլնյուսի օպերային թատրոնում։ Ապա հանդես եկավ բազմաթիվ երկրներում՝ թե որպես հրավիրյալ տենոր, թե Մարինսկի թատրոնի հետ միասին։ Նրա երգացանկը հարուստ է և բազմազան. Պիեռ Բեզուխով՝ «Պատերազմ և խաղաղություն», Դուքս՝ «Ռիգոլետո», Լենսկի՝ «Եվգենի Օնեգին», Ալֆրեդո՝ «Տրավիատա», Ռադամես՝ «Աիդա», Ֆաուստ, Դոն Կառլոս և շատ ուրիշ դերեր։ Գեղամ Գրիգորյանն առաջին անգամ Լոնդոնի Royal Opera Hօuse-ում երգեց 1993 թվականին և այնուհետ դարձավ թատրոնի սիրված երգիչներից մեկը։
Չնայած հյուրախաղերի խիտ ծրագրին, Գեղամ Գրիգորյանն իր վրա հետագայում վերցրեց մեկ այլ պարտականություն։ Նա դարձավ Երևանի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Սկսելով խիստ պատասխանատու և դժվար գործ, նա որոշել էր մեր օպերան և բալետը դուրս բերել լռության պատնեշից, որի համար մեծ համարձակություն և հսկայական աշխատանք էր հարկավոր։
«Հոյակապ երիտասարդ ձայներ ունենք, բայց միջոցներ չունենք նրանց մեծ բեմ հանելու,- ասում էր պարոն Գրիգորյանը,- հիանալի գաղափարներ կան մեր օպերան և բալետը միջազգային ասպարեզ դուրս բերելու, որի համար բացի գաղափարներից հարկավոր է աշխատանք և դրամ»։
Այդ նպատակի համար Գեղամ Գրիգորյանի գործնական առաջարկներից մեկը «Երևանի պետական ակադեմիական օպերայի և բալետի պետական թատրոնի բարեկամների անդամություն» ստեղծելն էր։
Արժեր համախմբվել և օգնել Գեղամ Գրիգորյանին ու նրա համախոհներին և Երևանի Օպերայի և բալետի թատրոնը «ոտքի կանգնեցնել», ինչպես ասում էր Գեղամը։
Մաղթենք, որ թատրոնը մի օր կվերահաստատի իր նախկին փառքը և կդառնա հայ ժամանակակից մշակույթի ամենահզոր խորհրդանիշներից մեկը»։
Գեղամի դստեր՝ Հասմիկ Գրիգորյանի հետ վերջերս հիշում էինք ու ափսոսում, որ Գեղամն այլևս մեզ հետ չէ, որ տեսնի Հասմիկի արտակարգ համբավը աշխարհով մեկ։
Հասմիկը՝ Լիտվայի Օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի է, որ վերջին տասնամյակում իր ձայնով, բեմական վարպետությամբ և իր գեղցկությամբ հմայեց աշխարհի մի շարք օպերաների հանդիսատեսներին։ New York Times-ը նրան վերջերս անվանեց ‘A Soprano with a Bottomless Appetite for Risk’, այսինքն՝ սոպրանո, որ ոչնչից չի վախենում։ Իսկ Անգլիայի ամենահայտնի և ամենխստապահանջ երաժշտական քննադատը՝ Նորման Լեբրեխտը, Հասմիկին անվանեց «սոպրանո, որ գիսաստղի պես հայտնվեց օպերային աշխարհում»։
Հասմիկը հաճախ է երգում Երևանում։ Սակայն միայն Հասմիկը չէ, որ պետք է պահպանի Գեղամի անունն ու համբավը, այլև մեր ողջ օպերային թատրոնը և մեր հասարակությունը։
Հուսանք և մաղթենք, որ Երևանի Սպենդիարյանի անվան պետական ակադեմիական օպերայի և բալետի թատրոնը, որ հայկական մշակույթը ներկայացնող կարևոր հաստատություն է եղել միշտ, շարունակի Գեղամ Գրիգորյանի և հայ հասարակության կողմից վաղուց ի վեր սկսած ավանդույթները և հայանուն տաղանդավոր երգիչների, երաժիշտների և բալետի պարողների շնորհիվ մնա որպես մշակութային կարևոր և հանրահայտ օրրան։

Հասմիկը և Նունեն «Մակբեթ» օպերայից հետո:
Զալցբուրգ, 2023