«Որ մարդիկ սիրեն մարդկանց, որ մարդիկ սիրեն երեխաներին … »

Վարդիթեր Կարապետյան

Գույները չեն ճչում։ Կտավի վրա գույները մեղեդի են կազմում և ներդաշնակորեն դուրս հորդում շրջանակներից։

Մոխրամանաուշակագույն, աղտոտ դեղին, գորշ կանաչ, պաստելային փափկություն ունեցող կապույտ, վարդագույն, որի վրա կարծես անձրև է եկել, օխրա, դաշտային կանաչ։ Այսպիսի գույներով է զգում նկարչուհի Վարդիթեր Կարապետյանը դաշտային ծաղիկները։ Նա իր մեջ ապրում է այդ ծաղիկներն ու գույները, դարձնում մեղեդի կամ հեքիաթ և պատկերում կտավի վրա։

Արվեստանոցում կճուճների, ջրամանների մեջ դրված են դաշտային բազմագույն ծաղիկներ՝ գեղեցիկ` իրենց պարզությամբ։

Եվ նկարչուհին իր կտավներում չի փորձում կեղծել պարզությունը։ Նրա նկարած անթառամները, երիցուկները, նույնիսկ հասարակ երեքնուկն ու կանաչ խոտը շնչումեն ու բուրում։

Վարդիթեր Կարապետյանն աշխատում է ոչ թե կտրուկ, նշմարելի կամ հագեցած վրձնահարվածներով, այլ հոսուն, անանջատ և տարածական դրոշմերով։ Նման ոճով նկարված ծաղիկները մի հայկական երգ են հնչեցնում, որ անսահման հուզում է։ Կամ մի հեքիաթ են պատմում, որ կարծես վերջ չունի։ Բայց հաճախ երգի մեջ կրեշչենդո է հնչում։

Ալ կարմիր մի կակաչ է դա, կամ, «աղբրանց արյուն» ծաղիկը, որ «կուց-կուց արյուն կկաթե»։

Վառ կանաչ ցողուններից խոնարհված կամ վեր ձգված կարմրավոր գլխիկներ՝ սգո սևը թերերին։ Կակաչը առեղծված է։ Եվ կարմիր է, և սև։ Եվ տոն է, և՝ սուգ։ Կտավի վրա հնչում է կակաչների կրեշչենդոն։

«Կակաչը դժվար ծաղիկ է։ Դժվար է այս ծաղկի էությունը հաղորդել», ասում է նկարչուհին։

Իսկ հիրիկներն այլ բնավորություն ունեն։ Նկարչուհին ուրիշ կերպ է զգում այդ ծաղիկները։ Չկա կակաչների վեհությունն ու որոշակիությունը։ Ապակե ջրանոթների մեջ դրված հիրիկները կտավի վրա եթերային են ու թափանցիկ։ Սերուցքագույն թերերի սրճագույն պեպենները գարուն և կենսուրախություն են ստեղծում։ Նկարչուհին նվիրված ու կապված է բնությանը։ Բնության ամեն մի մանրուք յուր ուրվագծերով, բովանդակությամբ և գույներով հարստացրել է նկարչուհու մտապատկերը։ Եվ շնորհիվ իր զգայունության, վառ երևակայության ու դիտողականության, Վարդիթերը շատ բան է սովորել ու վերցրել բնությունից։

Նա բնությունը մոտեցրել է իրեն և դարձրել հարազատ կոնցեպտ։ Եվ օգտվում է բնությունից հարազատի պես։ Սակայն, զուտ կանացի հատկությամբ, նա բնաշխարհից ընտրում է մանր պատկերներ՝ մացառներ, քարի կտորներ, ծաղիկներ, արմտիք։ Այդ ամենը նկարում է ներշնչանքով ու սիրով։

Հայկական բնությունից անջատել հայկական հուշարձաններն անկարելի է։ Եվ զարմանալի չէ, որ Վարդիթերի կտավներում պատկերված են գողտրիկ վանքեր, մոխրամած խաչքարեր ու միայնակ եկեղեցիներ։

Հին են ու զառամած Վարդիթերի խաչքարերը՝ մաշված եզրերով։ Բայց շատ հայկական ու շատ հարազատ իրենց ծուռտիկ դասավորությամբ և թավշյա երանգներով։

«Արենի» կտավը մեկն է պատմական հուշարձաններ շարքից։ Նկարչուհին օգտագործել է փափուկ, մթին գույներ՝ սրճագույն, սև, տեղ-տեղ՝ օխրա։ Արևամուտի ֆոնի վրա քարե եկեղեցին այնքան տխուր ու հայկական է երևում իր միայնության մեջ։ «Գեղեցիկ էր մայրամուտը և չկարողացա չնկարել այն», հիշում է Վարդիթերը։

Այս խոսքերը շատ են բնորոշում նկարչուհու աշխատանքը, որտեղ կարևոր է առաջին տպավորությունը և ներշնչանքը։

Որևէ գեղեցիկ երևույթ, պատկեր կամ կերպար իրենց գեղեցկությամբ հորդում են նկարչուհու մտաշխարհը և, հաճախ, թաքնված գեղեցկությունը բացահայտելու անսպառ ցանկություն է առաջանում նրա մեջ։

Վարդիթերի վրձնի շնորհիվ այդ գեղեցիկն առանձնացվում է շեղող և խանգարիչ շրջապատից ու հանդես գալիս իր պարզ, անարատ մերկությամբ։

Վարդիթերին հյուր էր եկել Սոնան։ Երկար մազերով, ճիշտ դիմագծերով, իրանը գրկող կարմիր զգեստով այդ աղջնակը փոքրիկ, գեղեցիկ աշխարհ թվաց նկարչուհուն։ Եվ ստեղծվեց Սոնայի դիմանկարը։ Բնության մի կտոր է պատկերված կտավի վրա, ևս մի դաշտային ծաղիկ, որ հուզում է դիտողին մաքրությամբ ու պարզությամբ։

Նկարչուհին շատ աշխատաժամանակ է հատկացնում դիմանկարներին։ «Նկարում եմ այն մարդկանց, որոնք առաջին հայացքից գրավում են ինձ», ասում է նա։

Դիտելով Վարդիթերի ստեղծագործությունները, այդպիսի շատ մարդկանց կարելի է տեսնել, բայց գերակշռում են երեխաների դիմանկարները։ Զուր չէ, որ մի ժամանակ Վարդիթերին «Երեխաների նկարիչ» տիտղոսն են շնորհել։

Առանձնապես կենդանի և հուզիչ է Բագրատիկի դիմանկարը։ Նախշազարդ կարպետի ֆոնի վրա պատկերված տղայի միամտությունն ու մանկական աշխարհայացքն են բնորոշում խոշոր խումար աչքերն ու վարդագույն թափանցիկ թվացող ականջները։ Աչքերի մեջ այնքան բան կարելի տեսնել. Զարմանք, հեզություն։ Երեխան կարծես սպասման մեջ է. «Ի՞նչ է լինելու այս աշխարհում», հարցնում է նա Վարդիթերի նկարից։

Ձորագլուխ գյուղում Վարդիթերն ավարտեց «Տատն ու թոռը» դիմապատկերը։ Գառնուկի պես իր փոքրամարմին տատին է փարվել թոռնիկը և վստահությամբ տրվել տատի տնօրինությանը։ Տատը փոքրիկ է, բայց շատ բան է տեսել կյանքում։ Դա է վկայում տատի թորշոմ ձեռքը, որ հանդարտորեն հանգչում է կլոր ծնկներին։ Մյուս ձեռքով նա իրեն է սեղմում ճստիկ սևաչ աղջկան, որ կարծես սանձած կրակ լինի և ուր որ է դուրս կպրծնի տատի գրկից։

Ամեն դիմապատկեր մի առանձին կյանք է։ Ամեն մարդ՝ առանձին աշխարհ։ Այդ աշխարհները տարբերվում են իրարից։ Վարդիթերն այդ գիտե։ Նա կարողանում է գտնել մարդկանց ուրույն հատկությունները, այն բնորոշը, որ չի խուսափում լավ նկարչի աչքից և պատկերել կտավի վրա։

Հիմա նկարչուհու հին տիտղոսին կարելի է ավելացնել նոր կոչում՝ երիտասարդության նկարիչ։ Դրա ապացույցն է «Երիտասարդություն» կոչվող բավական մեծ չափերի կտավը, որ Վարդիթերը պատրաստել էր հոկտեմբերյան հեղափոխության 60 ամյակին նվիրված ցուցահանդեսի համար, նաև՝ երիտասարդ աղջիկների և պատանիների բազմաթիվ այլ դիմանկարները։

Նկարչուհի Վարդիթեր Կարապետյանը ծնվել է Երևանում 1927 թ –ին։ Մանուկ հասակում անսպասելիորեն տարվում է նկարչությամբ և հետագայում ընդունվում Երևանի գեղարվեստի ուսումնարան։ Այնուհետև ուսանում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչական բաժնում։ Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում նկարչուհին շրջել է Հայաստանով մեկ։ Նա ամիսներով օթևանել է հին հայկական վարք ու բարքը պահպանած գյուղերում, մտերմացել հայ գյուղացու հետ։ Հետո նկարել է, նկարել այն, ինչ սիրել է։ Նկարել է և սովորել բնությունից, մարդկանցից։

Նրա արվեստանոցում կտավները շատ են։ Հատակին, անկյուններում, պատերից։ Չալպուտուրիկ այծերի մորթիները, բազմանախշ կարպետները, կակտուսները թաղարներում, տախտակին փռած ծիրանի չիրը, կժերը, կավե և մետաղյա սափորները, փայտյա գդալներն ու արծաթյա զարդերը կարծես սպասում են, թե երբ են տեղ գտնելու Վարդիթերի կտավներում։

Նկարչուհին սիրում է իր ստեղծագործությունները։ Ապրում է նրանց հետ և չի հոգնում նրանցից։ Նկարները, սակայն, փոխվում են։ Վարդիթերը, մի անգամ աշխատելով կտավի վրա, չի ավարտում այն։ Մերթ ընդ մերթ տարբեր փոփոխություններ է մտցնում, ինչպես խոստովանում է նկարչուհին։ Փոխվում են նկարների գույները, երբեմն՝ տրամադրությունը կամ շեշտադրումը։ Նկարներն ապրում են։ Տարիքով հասունանում են, բայց չեն ծերանում։

Տարիներ շարունակ ծաղիկները դաշտային բույրով են լցնում արվեստանոցը, խաչքարերը՝ տխրությամբ, իսկ Բագրատիկը իր հարցով՝ «Ի՞նչ է լինելու այս աշխարհում»։

Վարդիթեր Կարապետյանը չի փորձում իր աշխատանքներով զարմացնել կամ անսպասելին մատուցել դիտողին։

Այն բոլորը ինչ նա նկարում է, ծանոթ է մարդկանց։ Նկարչուհին շատ է սիրում այն ամենը, ինչ պատկերում է և իր սերը ձուլում է գույներին։Նա իր նկարներով սեր է տալիս մարդկանց, որ մարդիկ սիրեն մարդկանց, որ մարդիկ սիրեն երեխաներին։

1977 թվական

ԾՈՎԻՆԱՐ

Խորհրդային տարիներին հատուկ փոքր բնակարան, որը դառնում է ոչ շատ հատուկ, երբ ուշադրություն ես դարձնում պատերին կախված գեղեցիկ նկարներին՝ ծաղիկներ…թարմ ու անթառամ, երեխաներ, աղջիկներ ու տղաներ, երբեմն՝ վանքեր ու խաչքարեր։ Ծովինարը Վարդիթեր Կարապետյանի քրոջ աղջիկն է և նկարչուհու ներկայացուցիչն ու նրա աշխատանքների պահապանը։

 – Շատ նկարներ փաթաթված են,- ասում է նա,- դուք միայն մի փոքր մասն եք տեսնում,- ասում է Ծովինարը։

Անցել են 40-ից ավելի տարիներ այն օրվանից, երբ ես գրեցի Վարդիթեր Կարապետյանի մասին ու այցելեցի նրա արվեստանոցը։ Հիմա 2022-ն է։ Ժամանակը կարծես կանգ է առել արվեստանոցում։ Ոչինչ չի փոխվել։ Միայն բոքոն հացն ու ծիրանի չրերը չկան դարակի վրա։ Միայն Վարդիթերը չկա արվեստանոցում՝ փոքրամարմին, ջերմություն արտացոլող հայ նկարչուհին։

2022 թվական