«Պատմություններ առանց բառերի»

Իդա Քարն իր ամուսնուն՝ Վիկտոր Մուսգրեյվին գրել է. «Ես լեգենդ եմ դառնում»։ Այս ինքնաճանաչումն առաջացել էր 1959 թվականին Հայաստանի կառավարության կողմից նրա ցուցահանդեսի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հարգալից վերաբերմունքի շնորհիվ: Լոնդոնում, 2011 թվականի մարտին, National Portrait Gallery-ում, Ազգային դիմանկարների պատկերասրահում հետահայաց ցուցահանդեսի բացումը Իդա Քարին իսկապես լեգենդ դարձրեց լուսանկարչության պատմության մեջ:

Իդա Քարը համբավ ձեռք բերեց 1960 թվականի մարտին Լոնդոնի Whitechapel Art Gallery, Ուայթչապել արվեստի պատկերասրահում հայտնի անգլիացի, ֆրանսիացի և խորհրդային գրողների ու նկարիչների դիմանկարների ցուցադրությունից հետո: Այս ցուցահանդեսը եզակի էր. նա առաջին կին լուսանկարիչն էր, ով լայնածավալ շոու ունեցավ Լոնդոնի հայտնի պատկերասրահում: Ցուցահանդեսը մեծ հաջողություն ունեցավ: Իդան լուսանկարչությունը պարզապես փաստագրման ձևից վերածեց արվեստի: Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը գնեց Իդայի 16 մեծ սև ու սպիտակ լուսանկարչական դիմանկարները: Լուսանկարչուհին արժանացավ բրիտանական լրատվամիջոցների դրվատանքին: Նրա հաջողությունը պայմանավորված էր ոչ միայն իր բնածին վարպետությամբ, այլև անսպառ էներգիայով և գեղարվեստական բարձր արժեքներով: Իդան գրավում էր մարդկանց իր խոսքով, էկզոտիկ հմայքով, ինչպես նաև համեղ պատրաստելու և զվարճացնելու տաղանդով:

Իդա Քարը ծնվել է Ռուսաստանի Տամբով քաղաքում 1908 թվականին Մելքոն և Անահիտ Քարամյանների ընտանիքում։ Իդայի հայրը մտավորական էր, ով սահուն խոսում էր հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն: Երբ Իդան 13 տարեկան էր, հայրը ընտանիքը Ռուսաստանից տեղափոխեց Ալեքսանդրիա, Եգիպտոս։ Իդա Քարը իր կրթությունը շարունակեց Ալեքսանդրիայի ֆրանսիական լիցեյում, և 1928 թվականին, հոր խրախուսանքով և աջակցությամբ, մեկնեց Փարիզ՝ բժշկության ոլորտում կրթություն ստանալու նպատակով: Փարիզում, սակայն, Իդան իր գումարը ծախսեց երգի և ջութակի դասերի վրա։ Իր ընկերոջ և սիրեցյալի՝ գերմանացի սյուրռեալիստ նկարիչ և լուսանկարիչ Հենրիխ Հայդերսբերգերի միջոցով Իդան հանդիպեց բազմաթիվ ազդեցիկ մարդկանց, ինչպիսիք են Իվ Տանգին, Պիտ Մոնդրիանը, Ման Ռեյը և Սուզանե Դեշավո-Դումեսնիլը, որը հետագայում դարձավ Սամյուել Բեքեթի կինը: Այցելությունները պատկերասրահներ և կինոթատրոններ խթանեցին նրա հետաքրքրությունը դեպի լուսանկարչություն, իսկ փարիզյան երեկույթներին հաճախակի այցերը Իդայի մեջ զարգացրեց արևմտյան ապրելակերպի նրբաճաշակությունը:

Չորս տարի Փարիզում ապրելուց հետո Իդան վերադարձավ Ալեքսանդրիա և սկսեց աշխատել լուսանկարչական ստուդիայում՝ որպես օգնական։ 1945 թվականին Իդա Քարը ամուսնացավ Վիկտոր Մուսգրեյվի հետ: Նրանք տեղափոխվեցին Լոնդոն, որտեղ ղեկավարեցին Gallery One-ը Սոհոյում և վարեցին բոհեմական ապրելակերպ, ինչն էլ ոգեշնչեց Իդայի մոտեցումը դեպի դիմանկարային լուսանկարչություն: Ըստ ժամանակակիցների, Իդա Քարը, զրուցելով բնորդի հետ, ստեղծում էր նրա համար որոշակի մթնոլորտ: Նրա ստեղծած դիմանկարների մեծ մասը ներառում է համապատասխան ֆոն, որը մեկնաբանում է բնորդի ներաշխարհը և կյանքը: Իդայի յուրաքանչյուր լուսանկար պատմություն է առանց խոսքերի:

Եթե Իդան այսօր ողջ լիներ՝ տեսնելով Ազգային դիմանկարների պատկերասրահում կատարյալ կազմակերպված իր հետահայաց ցուցադրությունը, ականատես կլիներ, թե ինչպես է իսկապես դառնում լեգենդ:

Նունե Սարգսյան