«Սարգիս Համալբաշյանի ստեղծագործությունները՝ առաջ և հետո»

Ինտուիցիա և Արվեստ

Համալբաշյանը ծնվել է Գյումրիում։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները խաղաղ ու հանգիստ են: Դրանք մոնոխրոմատիկ են առանց ոչ մի վառ հակադրությունների: Նրա յուրաքանչյուր ստեղծագործություն ունի իր գեղեցիկ պատմությունը:

Նրա այս ներդաշնակ ստեղծագործություններից մեկում պատկերված է մի կին, որը կրում է երաժշտական գործիք, մերկ տղա և տարօրինակ վարդագույն-մոխրագույն կենդանի: Նկարում երևում է մեկ այլ կին, ծնկի իջած, ձեռքին՝ լվացքի թաս: Հատակն ու հետևի պատը ներկված են կոշտ կապտամոխրագույն վրձնահարվածներով, դեղին, կապույտ և վարդագույն հատվածներով:

Ջրաներկի, գուաշի և պաստելի շերտերի տակ կարելի է տեսնել մատիտի կրկնվող գծերը՝ ցուցադրելով նկարի կոշտությունը: Այս և Սարգսի մյուս գործերը, որոնք նկարվել են երկրաշարժից առաջ, ներդաշնակության զգացում են առաջացնում:

1988 թվականի Գյումրիի ավերիչ երկրաշարժից և հայրենի քաղաքի լայնածավալ ավերումից հետո Համալբաշյանի աշխատանքը կտրուկ փոփոխությունների ենթարկվեց: Նկարիչը տեղափոխվեց Երևան՝ Հայաստանի մայրաքաղաք: Տեղափոխությունը համընկավ նկարչի հայացքների ձևափոխության հետ և արտացոլվեց նրա հետագա ստեղծագործությունների մեջ։

Երկրաշարժի հետևանքով առաջացած հնարավոր հոգեբանական տրավման Համալբաշյանի ներսում առաջացրեց հսկայական ճնշված հույզերի հրաբուխ, ճիշտ այնպես, ինչպես Յունգը պնդում էր, որ շատ արվեստագետներ, փիլիսոփաներ և նույնիսկ գիտնականներ իրենց լավագույն գաղափարներից մի քանիսը ստեղծելու համար պարտական են ենթագիտակցականից հանկարծակի ի հայտ եկած ոգեշնչումներին:

Հետաքրքիր է Ֆրեյդի այն համոզմունքը, որ ենթագիտակցությունը, այսինքն՝ ճնշված զգացմունքները որևէ դիմադրություն չեն ցուցաբերում և արտահայտվում են «իրական գործողությունների» միջոցով։ Ի՞նչն էր ճնշվել Համալբաշյանի մեջ, որը երկրաշարժից հետո վերածվեց «իրական գործողությունների»: Ի՞նչ է, օրինակ, կարմիր ցուլը, որը Համալբաշյանի աղետից հետո կատարված աշխատանքի նշանավոր տարրերից մեկն է:

«Մսի շուկա» վերնագրով յուղաներկի վերին աջ անկյունում, սև շրջանակի մեջ մի շենք է նկարված իր բոլոր ճարտարապետական մանրամասներով։ Կարմիր ցուլը կախված է կեռից։ Նրա ծնոտը լայն բաց է, պոչը կանգուն, աչքերը կարծես կատաղած են, իսկ ոտքերը անիմաստ կախված են օդում։ Ներքևում՝ բեռնատարի մեջ, սպիտակ ցլեր են։ Իսկ ավելի ներքևում երեք շրջանակ կա։ Դրանցից մեկում հնարավոր է նշմարել մի մեծ տղամարդու աղավաղված կերպարանք, որը գտնվում է ինչ-որ կարմիր զանգվածի մոտ: Մյուս երկու սպիտակ շրջանակներում կախված են անշունչ գառներ: Նկարի պատմությունը սկսվում է ճարտարապետական մանրամասնությամբ պատկերված սպանդանոցից և վերջանում է գառնուկների դեղին դիակներով։ Այս թեման կրկնվում է նկարչի մյուս աշխատանքներում։ Նույն առարկան մի քանի անգամ նկարելու պատճառն ավելին է քան «կրկնության պարտադրանքը» (Ֆրեյդ): Համալբաշյանի դեպքում կրկնությունը «մազոխիստական ոգևորության» ցուցանիշ չի կարող լինել, ինչպես դա կմեկնաբանեին որոշ մասնագետներ: Հավանաբար նույն թեման կրկնելը հեղինակին մոտեցնում է ռեպրեսիայի ցանկալի անգիտակից ավարտին, կամ, ինչպես Ֆրեյդը կանվաներ այն, «հաճույքի սկզբունքին», այսինքն՝ ճնշող օբյեկտը կրկնելիս առաջանում է ազատագրման զգացում։ Այս կոնկրետ դեպքում՝ կարմիր ցուլը և անշունչ գառները, հավանաբար ասոցացվում են երկրաշարժի անմեղ զոհերի հետ:

1992 թվականի փետրվարին ես այցելեցի Լոնդոնի New Academy Gallery՝ Համալբաշյանի անհատական ցուցահանդեսը տեսնելու: Ցուցահանդեսը հստակորեն բաժանված էր երկու մասի` մեղմ ու ներդաշնակ գործեր մինչ աղետը և նկարներ աղետից հետո` վայրի և բարկացած: Թե՛ գույների, թե՛ սյուժեի ապշեցուցիչ կոնտրաստները արտացոլվում էին նկարներից, որպես նևրոտիկ ազդանշաններ: Ընկերուհիս չդիմացավ գերիշխող ճչացող կարմիր-դեղիններին և գունապնակի «թունավոր» հակադրություններին և դուրս եկավ սրահից: Կտավների վրա թվում էր, թե ոչինչ ավարտված չէր։ Տարբեր սյուժեներ կարծես կարկատված լինեին միմյանց: Նկարները չունեին հաջորդող պատմություն, և նրա վաղ շրջանի աշխատանքի անդորրը վերածվել էր քաոսի: Եվ այս պրոցեսը նկարչի մոտ տեղի ունեցավ ոչ թե աստիճանաբար, այլ կտրուկ՝ երկրաշարժի նման։ Համալբաշյանի ստեղծագործություններում սակայն երկրաշարժի տեսարաններ չեն հանդիպում։ Ոչինչ չկա, որ հիշեցնի ավերակներ կամ մարդկային մարմիններ: Նկարչի աշխատանքում սարսափը բնական աղետի հանդեպ վերհիշվել է միայն անուղղակիորեն:

Համալբաշյանի հետ-աղետային աշխատանքի մեջ կա ևս մեկ զարմանալի յուրահատկություն. դա թվերի և մաթեմատիկական հավասարումների պատկերումն է, որոնք սփռված են կտավների տարբեր հատվածներում, թեև մաթեմատիկան ամենևին կապ չունի սյուժեի հետ։ Կան նկարներ, որտեղ Համալբաշյանը բավական մեծ տարածք է հատկացրել միստիկ կարգով, իրար հետևից, տող առ տող գրված թվանշաններին։ Իսկ թե ինչու են թվեր հայտնվում իր վերջին աշխատանքներում, նկարիչն ասում է. «Ճիշտ է։ Նրանք հայտնվում են: Նրանք գալիս են։ Չգիտեմ թե ինչու»։

Համալբաշյանը հիշեց, որ տարիներ առաջ մաթեմատիկայի ուսուցչուհին իրեն հակակրանքով էր վերաբերվում այն պարզ պատճառով, որ ինքն ավելի շատ էր սիրում նկարել, քան հաշվել։ Վերլուծելով հասկացա, որ այդ դրվագը հակադրության և համառության ռեֆլեքս է առաջացրել դեռահասի մոտ, և թեև մաթեմատիկան շարունակում էր մնալ որպես պարտադիր տեղեկատվություն նրա ենթագիտակցության մեջ, այն ի վերջո գտավ իր արտահայտչաձևը նրա հետ-երկրաշարժյան աշխատանքում:

Համալբաշյանի էքսցենտրիկ ստեղծագործությունները մահացու աղետից հետո վկայում են Ֆրեյդի այսպես կոչված «հաճույքի սկզբունքը»: Դա արտահայտվում է կախված ցլերի, թվերի և հավասարումների չկանխամտածված ձևավորումներով, այլ կերպ ասած՝ դա մեկ մարդու փորձն է ըմբռնել իր տրավման, կապել անցյալն ու ներկան և իր ուրույն ձևով մեկնաբանել տիեզերքը՝ վրձնի և սպիտակ դատարկ կտավի միջոցով:

«Ամեն ավարտված գործ ինձ համար հաղթանակ է», ասում է Համալբաշյանը:

Նունե Սարգսյան