Հասունացում բարդության միջոցով

ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

«Ես իմ կյանքը որպես նկարիչ տեսնում եմ երեք հիմնական փորձառությունների միջոցով: Առաջինը պարզությունն է՝ անարատության ժամանակը: Հաջորդը շփոթության ժամանակն է, որն առաջանում է ճշմարտության որոնման արդյունքում: Վերջինը ծայրահեղ բարդության յուրացումն է: Վերջինը հասունացումն է»։

Արշիլ Գորկին ծնվել է 1904 թվականին Շուշանիկ և Սեդրակ Ադոյանների ընտանիքում Վան քաղաքի մոտ գտնվող Խորքում փոքրիկ հայկական գյուղում։ Անունը դրել են Ոստանիկ Ադոյան: Նա այն փոխեց Արշիլ Գորկիի, որն իրեն ավելի գեղարվեստական էր թվում։ Բացի այդ, գորկի ռուսերեն «դառը» բառն է, որը բնորոշում է նրա հույզերն ու հոգեվիճակն այդ ժամանակաշրջանում։

Վաղ մանկության տարիներին Գորկու կյանքը իդեալական էր մոր պաշտպանության ներքո: Նա գեղարվեստական ճաշակ ուներ, ուշադիր և զգոն միտք: Նկատում էր իրեն շրջապատող բոլոր մանրուքներն, ինչպես, օրինակ, վանքի պատի ռելիեֆը, գյուղի եկեղեցու Ավետարանի մանրանկարչությունը, խնոցին՝ խոհանոցում, նախշը՝ մոր գոգնոցի վրա: Մանրամասներ, որոնք շատ ավելի ուշ հայտնվեցին իր ստեղծագործություններում որպես վերացական գոյացություններ և գունավոր պատկերներ։
Ընտանեկան խաղաղ կյանքը Խորքոմում ընդհատվեց 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կառավարության կողմից հայերի դաժան հալածանքները ստիպեցին Գորկուն մոր և քրոջ հետ տեղափոխվել Երևան: Այստեղ երկար տարիների դժվարություններից հետո նրա մայրը մահացավ իր գրկում: Գորկին ընդամենը տասնհինգ տարեկան էր։

1920 թվականին Գորկին և նրա քույրը ժամանեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Գորկին ընդունվեց Ռոդ Այլենդի դիզայնի դպրոց։ Հետագայում ուսումը շարունակեց Գրանդ Սենթրալ արվեստի դպրոցում։
Ժամանակակիցների աչքում նա տարօրինակ օտարերկրացի էր՝ զվարճալի առոգանությամբ, համարձակ ու անկեղծ հայացքով, բարձր ձայնով, որի վառ օրինակն էր հայկական ներդաշնակ մեղեդիներ երգելը և տարօրինակ պարեր պարելը: Նա իր արվեստանոցը պահում էր անթերի մաքուր ու կոկիկ՝ բոլոր վրձինները լվացած, իսկ մատիտները՝ միշտ սրած։ Ահա թե ինչպես նա գրավեց բազմաթիվ բոհեմականների և շուտով ընդունվեց այնպիսի արվեստագետների խմբում, ինչպիսիք են Ջոն Գրեհեմը, Մաքս Էռնստը, Բրետոնը, Միրոն, Դյուշանը և քննադատներ Հարոլդ Ռոզենբերգը և Ջուլիեն Լևին: Տարիներ անց այդ խմբից շատերը դարձան նրա հետևորդները՝ դե Կունինգ, Փոլլոք, Մատտան, Ռոթկոն:

Ինչպես բոլոր հանճարեղ նկարիչները, այնպես էլ Գորկին անցավ տարբեր փուլերի միջով: «Ես երկար ժամանակ Սեզանի հետ էի…», – ասաց նա մի անգամ: Նա նվիրված էր Էնգրին և Ուչելլոյին և վերջապես՝ Պիկասոյին։ Այս նկարիչների գործերը կրկնօրինակելը հասունացրել է Գորկու գունապնակը և նկարչական հմտությունները:

Տարիների քրտնաջան աշխատանքից հետո Գորկին գտավ իրեն բնորոշ ոճը. կենսամորֆ պատկերների ապշեցուցիչ սիմֆոնիա: Դա նոր արտահայտչամիջոց էր։ Պատկերները ծնվում էին նկարչի ենթագիտակցության մեջ: Խորը մտորումներից հետո Գորկին այդ պատկերները տեղափոխում էր թղթի կամ կտավի վրա՝ յուղաներկով, թանաքով կամ մատիտներով:
«Արխետիպերը», ըստ Կարլ Յունգի տերմինի, անգիտակից պատկերներ ու մոտիվներն են, որ հայտնվում էին Գորկու գիտակցության մեջ: Զարմանահրաշ գծագրական և նկարչական տեխնիկայի միջոցով ստեղծվել են այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Ծաղկաշատ ջրաղացի ջրերը», (1944), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում», (1944), «Արորը և երգը» (1947), «Հոգեվարք» (1947 թ.):
Գորկու արվեստը արտացոլում է լույս, ինչպես նաև գեղեցկության ու փայլի անսահման զգացում: Նրա նկարները շատ զգայական են ու սեքսուալ և շփոթեցնում են դիտողին: Գորկու ստեղծագործությունների կողքով պարզապես անցնելն անհնար է, քանի որ դրանք ստիպում են դիտողին կանգ առնել և լուծել հանելուկը։

1945 թվականին Գորկին արդեն ուներ իր յուրահատուկ ոճը։ Նա, թերևս, տեղյակ չէր, որ իր աշխատանքը նոր շարժում է սկսելու ամերիկյան արվեստում, որը կոչվելու է «Աբստրակտ էքսպրեսիոնիզմ»: Գորկին բարձրահասակ էր և գեղեցիկ։ Նա ուներ անթաքույց դեմք՝ խիտ մուգ գույնի բեղերով և խորը խոշոր տխուր աչքերով։ Նա երբեմն հագնում էր սև թավշյա եզրավոր գլխարկ, որը քաշում էր մինչև աչքերը, իսկ սև երկար
վերարկուն կոճկում էր մինչև կզակը։

Նրա արտաքինը դրամատիկ էր: Ընկերներից մեկը վերհիշում է մի տեսարան թանգարանում, երբ Գորկին հայտնվում է լուսարձակներից մեկի տակ: Մի կին, տեսնելով նրան, խաչակնքում է և հետո, ներողություն խնդրում. «Մի պահ, – ասում է նա, – ես կարծեցի, թե դուք Հիսուս Քրիստոսն եք»: «Տիկին», – ասաց Գորկին, – «ես Արշիլ Գորկին եմ»:

Ահա թե ինչպես նա խոստովանեց իր լիակատար նվիրվածությունը արվեստին, ենթադրելով, որ ինքն իր արվեստով պակաս չէ Հիսուս Քրիստոսից: Գորկին, իսկապես, պատրաստվում էր զոհաբերվել արվեստին։

1946 թվականին նրա նկարներից քսանյոթը, վերջին տարիների բոլոր արժեքավոր աշխատանքները, ոչնչացվեցին Կոնեկտիկուտ նահանգի Շերման քաղաքում գտնվող նրա արվեստանոցում բռնկված հրդեհից։ Գորկին հաղթահարեց այդ ցնցումը և սկսեց աշխատել կրկնապատկված էներգիայով։ Այնուամենայնիվ, այս դժբախտ պատահարն ունեցավ իր ազդեցությունն ու հետևանքները. նկարչի ճակատագիրը շարունակ ձախողվում էր: Գորկու մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Դրան հաջորդեց ավտովթարը, որը կաթվածահար արեց Գորկու պարանոցն ու նկարող ձեռքը։ Նկարչի կինը՝ Ագնես Մագրուդերը, ով սիրավեպ ուներ Ռոբերտ Մատտայի հետ, լքեց նրան՝ տանելով իրենց երկու դուստրերին՝ Մարոյին և Նատաշային։ 1948 թվականին, 44 տարեկան հասակում, Գորկին ինքնասպանություն գործեց Կոնեկտիկուտի իրենց ամբարում։ Նա պատին գրել էր «Ցտեսություն, իմ սիրելիներ»։

Գորկու ստեղծագործությունները գլուխգործոցներ են, որտեղ միահյուսված գծերն ու գունային պատկերները ստեղծում են աբստրակցիայի միստիկան և առեղծվածային աուրան: Նկարիչը հասել էր գեղագիտության ամենակարևոր մակարդակին, որտեղ կարողացավ իր հույզերը հոգու խորքից տեղափոխել կտավի վրա։

Գորկու ստեղծագործության մեջ չկա սուտ կամ կեղծիք: Նրա նկարներն ու գծանկարները իրական են, անկեղծ ու անպաշտպան, ինչպես մերկ նյարդերի կույտ: Գորկին իր մաքուր մտածողությամբ, ինչպես նաև իր բարդությամբ ու հասունությամբ՝ իր արվեստի միջոցով տեսանելի դարձրեց անտեսանելին:

Գորկու աշխատանքները ներկայումս ցուցադրվում են Լոնդոնի Թագավորական ակադեմիայում՝ Աբստրակտ Էքսպրեսիոնիզմ ցուցահանդեսում մինչև 2017 թվականի հունվարի 2-ը:

 

Նունե Սարգսյան